Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Սուրեն Գրիգորյանի նախընտրական ուղերձը

Սիրելի՛ ստեփանակերտցիներ,

Չորս տարի առաջ, ստանալով ձեր վստահության քվեն, Ստեփանակերտի պատմության մեջ միասին բացեցինք նոր էջ` մեկնարկ տալով կենսական նշանակության տարաբնույթ ծրագրերի իրականացմանը:

Կատարված աշխատանքներն, անշուշտ, մեծ ծավալ են կազմում, և մեզնից յուրաքանչյուրը մայրաքաղաքում իրականացված դրական փոփոխությունների ականատեսն է:

Վերջին տարիները փաստում են, որ համատեղ ջանքեր գործադրելու արդյունքում` մեզ հաջողվել է միասին շոշափելի առաջընթաց արձանագրել` մեր քաղաքին հաղորդելով նոր որակ ու նոր լիցքեր:

Կանոնակարգվել և զարգացում են ապրում համայնքային կյանքի բոլոր ոլորտները /բարեկարգման, կանաչապատման, կոմունալ, սոցիալական, մշակույթի, զբոսաշրջության, կրթության, սպորտի և այլն/:

Մենք ունենք ինքնատիպ մի քաղաք` սիրված ոչ միայն ստեփանակերտցիների, այլև շատ ու շատ այցելուների կողմից:

Մեր քաղաքը մեր տունն է, և մենք պարտավոր ենք անձնական օրինակով նպաստել նրա բարգավաճմանն ու զարգացմանը, մեր սերը, հոգատարությունն ու ջերմությունը հաղորդել նրան` իրականացնելով նորանոր ծրագրեր, առավել բարելավելով մեր կենցաղը` ստեղծել մայրաքաղաքային լիարժեք մթնոլորտ:

Արդեն կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերն ու միջոցառումները պետք է ունենան իրենց շարունակականությունն ու զարգացումը: Այս հավատով եմ ներկայացնում ձեզ բարեկեցիկ ու բարեկարգ Ստեփանակերտ ունենալու իմ ծրագիրն ու հետագա քայլերը:

Ձեր վստահության և աջակցության, մի շարք ծրագրերում` ձեր անմիջական ակտիվ մասնակցության շնորհիվ մենք կարողացանք ևս մեկ քայլով մոտենալ մաքուր և գեղեցիկ, ապահով ու հարմարավետ մայրաքաղաք ունենալու մեր նպատակին:

Մենք ձեզ հետ միասին կերտում ու կառուցում ենք քաղաք, որը թողնելու ենք մեր սերունդներին, և այն պետք է լինի հարմարավետ ու բարեկարգ, տոնական, լուսավոր ու միշտ ժպտացող ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ:

Հուսով եմ, որ սեպտեմբերի 13-ին կայանալիք Արցախի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններին դուք կվերաբերվեք բարձր պատասխանատվությամբ և քաղաքացիական պարտքի զգացումով: Ես ակնկալում եմ ձեր աջակցությունը և վստահ եմ, որ միասին կշարունակենք բարեկարգել մեր քաղաքը և բարելավել մեր կյանքը:

ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ