2018թ. օգոստոսի 13-ին Արցախի Ժողովրդավարական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Կենտրոնական խորհրդի նիստը, որը վարում էր ԱԺԿ ԿԽ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Խորհրդի անդամները քննարկել են 2018թ. սեպտեմբերի 9-ին և հոկտեմբերի 7-ին կայանալիք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրություններում ԱԺԿ դիրքորոշման հարցը: Նախընտրական իրավիճակի և առաջադրված թեկնածուների շուրջ կայացած մտքերի փոխանակությունից հետո առաջարկվել և միաձայն որոշվել է, որ թիվ 11 ընտրատարածքում սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը իր ողջ ռեսուրսներով պաշտպանելու է ԱԺԿ կենտրոնական գրասենյակի ղեկավար Գեղամ Հրաչիկի Ստեփանյանի թեկնածությունը:
Նիստի մասնակիցները մատնանշել են ԱԺ պատգամավորության թեկնածու Գ.Ստեփանյանի արժանիքները, նրա անցած ուղին և հասարակական-քաղաքական գործունեությունը: Որպես կարևոր առավելություն նշվել է նրա երիտասարդ քաղաքական գործիչ լինելու հանգամանքը և սպասվող խորհրդարանական աշխատանքում «Ժողովրդավարություն» խմբակցության աջակցությունը:
Թիվ 2 ընտրատարածքում կուսակցության դիրքորոշման հարցը որոշվել է քննարկել ավելի ուշ՝ առաջադրման ժամկետի ավարտին:
Կենտրոնական խորհրդի նիստում քննարկվել են նաև ներքաղաքական իրավիճակի, կուսակցական գործունեության, տարածաշրջանային զարգացումների և այլ թեմաների վերաբերյալ հարցեր: