ԱՀ նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանի և ԱԺԿ 2020 թ. նախընտրական ծրագիրը

Սիրելի՛ հայրենակից,

Այն խնդիրները, որ պատմական հանգամանքների բերումով ծառացել են մեր առջև, մեզնից հրատապորեն պահանջում են գտնել դրանց համարժեք լուծումներ, և մենք դա կարող ենք անել:

Պետական շինարարության ու տնտեսական զարգացման նախընթաց փորձը, որ կուտակել ենք շուրջ երեք տասնամյակ, մեզ թույլ է տալիս դեմքով շրջվել դեպի սոցիալ-տնտեսական նորարարական այնպիսի նախագծեր, որոնք կապահովեն տնտեսական զարգացման բարձր տեմպեր, քաղաքական կայունություն, սոցիալական համերաշխություն:

Այո, մենք պետք է հասնենք այն բանին, որ գործատուի և աշխատողի շահերը ներդաշնակեն, որ ձեռներեցությունը ազատ լինի վարչարարական կամայականություններից, որպեսզի նա օրինական իր շահերը պաշտպանելու համար չձգտի գրավել քաղաքական իշխանությունը՝ իր համար այն տանիք դարձնելու համար, որ մտավորականը արժանապատվորեն գնահատված լինի, որ երեխաներն ու տարեցները շրջապատված լինեն հասարակական հոգածությամբ, որ գիտական ու ստեղծագործական ազատության ոգին թևածի Արցախի Հանրապետությունում, որ ժողովրդավարությունը չվերածվի ձևական ցուցանակի, այլ դառնա կենսական բովանդակությամբ լեցուն իրականություն:

Դրա համար մենք այլ երկրների փորձը ոչ թե պետք է մեխանիկորեն ներդնենք, այլ գտնենք թվարկված խնդիրների այնպիսի լուծումներ, որոնք բխում են մեզանում ձևավորված իրողություններից: Մենք պետք է ձեռնամուխ լինենք այդ գործին այն գիտակցությամբ, որ և տնտեսության, և Արցախի միջազգային ճանաչման ճակատում մեր ապագա հաղթանակների գրավականը սոցիալական արդարության վրա հենված մեր համերաշխությունն ու միասնությունն են: Դա այն բարձունքն է, որ անպայման նվաճելու ենք:

Սա հավակնոտ, բայց իրագործելի ծրագիր է, և դրա գիտակցումով է, որ ես տվել եմ իմ համաձայնությունը Արցախի Ժողովրդավարական Կուսակցության կողմից առաջադրելու իմ թեկնածությունը 2020թ. Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում: Ես պատրաստ եմ Արցախի Հանրապետության նախագահական ինստիտուտի ընձեռած հնարավորությունները արցախցու հետևողականությամբ ի սպաս դնելու մեր առջև ծառացած այդ նոր խնդիրների լուծմանը՝ խստագույնս հետևելով Մայր օրենքին և Արցախի Հանրապետության պետական շահերին:

Սիրելի՛ ընտրող, մենք իրար նոր չենք ճանաչում և այդ հանգամանքը կօգնի մեզ աշխատել միասին։ Պատրաստ եմ իմ գիտելիքներն ու փորձը թիմակիցներիս ու համախոհներիս հետ մեկտեղ նվիրաբերել այդ գործին: Աջակցենք իրար՝ Արցախը շենացնելու և անվտանգ, ժողովրդավարական ու կայուն երկիր դարձնելու գործում։

Ընտրի՛ր քո տեսակին: Աստված մեզ հետ:

ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու

 

 

  1. Հանրային հաշվետու և արդյունավետ կառավարում

Հանրային կառավարման բնագավառում բարեփոխումները իրականացնելու ենք մշտապես՝ համադրելով Արցախի 30-ամյա պետական կառավարման դրական փորձն ու համաշխարհային զարգացումները: Արդյունքում պետք է ունենանք ծախսարդյունավետ, արագ արձագանքող, ճկուն և մրցունակ պետական կառավարման համակարգ:

Այդ նպատակին հասնելու համար՝

  • ներդնելու ենք բիզնեսի և քաղաքականության տարանջատման գործուն մեխանիզմներ:
  • կառավարման համակարգի ձևավորման գործում բացառելու ենք հովանավորչությունը, ապօրինությունները, ազգակցական կապերով պայմանավորված պաշտոններում նշանակումները, ինչպես նաև սեռային, տարիքային կամ ցանկացած այլ խտրականություն:
  • պետական կառավարման համակարգում հաջողությունների հասնելու միակ երաշխիքը դարձնելու ենք գիտելիքը, աշխատասիրությունը, կրթական մակարդակի և մասնագիտական հմտությունների շարունակական զարգացումը, ինչպես նաև ստեղծարար ու քննադատական մտածելակերպը:
  • ներդնելու ենք մերիտոկրատիայի` արժանիքների վրա հիմնված առաջխաղացման սկզբունքը հանրային և քաղաքացիական ծառայության մեջ, ինչի արդյունքում պետական պաշտոնները տրվելու են լավագույններին:
  • կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ներդնելու ենք փաստահեն քաղաքականության մշակումն ու իրականացումը, ինչի արդյունքում ցանկացած ոլորտային քաղաքականություն պետք է հիմնավորված լինի գիտական հետազոտությունների արդյունքներով ապացուցված արդյունավետությամբ:
  • բեռնաթափելու ենք պետական գերծանրաբեռնված համակարգը, նախարարություններում և գերատեսչություններում բացառելով գործառույթների և ոլորտների կրկնողութամբ հաստիքները և ուժեղացնելով պատասխանատվության մեխանիզմները: Միևնույն ժամանակ իրականացնելու ենք ռիսկերի գնահատման ուղղությամբ հետազոտություններ և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ անելու ենք ակնպես, որ պետական համակարգի օպտիմալացումը չհանգեցնի գործազրկության աճի:
  • կատարելագործելու ենք ռազմավարական պլանավորման ինստիտուտը, վերանայելու ենք առկա ռազմավարությունները՝ համադրելով դրանք մեր նախընտրական ծրագրում առաջարկվող բարեփոխումների հետ: Ռազմավարական պլանավորման մեջ կարևորելու ենք դրանց իրականացման արդյունավետության գնահատումը և փուլային հաշվետվողականությունը:
  • հանրային ծառայությունների մատուցումը դարձնելու ենք դինամիկ՝ զերծ բյուրոկրատական ընթացակարգերից: Այս նպատակով իրականցնելու ենք պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացում և կիրառելու ենք «մեկ պատուհան» սկզբունքը, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներից պահանջվող փաստաթղթերը ստանալ մեկ անգամ և փոխանակել պետական տարբեր մարմինների միջև:
  • կիրառելու ենք Սահմանադրությամբ ամրագրված ուղիղ ժողովրդավարության գործիքները՝ զարգացնելով տեղական և համապետական հանրաքվեների ինստիտուտը հանրային գերակա կարևորության հարցերի շուրջ որոշումների կայացման համար:
  • ներդնելու ենք պետական մարմիններին դիմելու օնլայն հարթակ:
  • իրականացնելու ենք հանրային և քաղաքացիական ծառայության պաշտոններում մշտական վերապատրաստումներ՝ հրաժարվելով վերապատրաստման ձևականությունից և կարևորելով դրանց բովանդակությունը:
  • ուսումնասիրությունների արդյունքում վեր ենք հանելու հանրային այն ծառայությունները, որոնց ապակենտրոնացումը կբարձրացնի դրանց հասցեականությունն ու արդյունավետությունը, որոնք և պատվիրակվելու են համապատասխան մարմիններին:
  • ապահովելու ենք պետական գնումների թափանցիկությունը, կրճատելու ենք մեկ անձից ձեռք բերվող գնումների ծավալը և իրական հավասար պայմաններ ենք ստեղծելու բոլոր մասնակիցներ համար: Ներդնելու ենք պետական գնումների էլեկտրոնային համակարգ և աշխատանքներ ենք տանելու հավանական մասնակիցներին ընթացակարգերի հետ ծանոթացնելու ուղղությամբ:
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծախսվող գումարների վերահսկման նպատակով սահմանելու ենք անկախ աուդիտի անցկացման պահանջը:
  1. Պաշտպանություն և անվտանգություն

Արցախի Հանրապետության համար կարևորագույն խնդիրը պաշտպանության և անվտանգության ապահովումն է, որը հնարավոր է անվտանգության բոլոր բաղադրիչների արդյունավետության բարձրացմամբ։

Այս ուղղությամբ մեր քայլերը լինելու են՝

  • ապահովել միասնական պաշտպանական համակարգի հետագա կատարելագործումը՝ ուղղված պաշտպանական ներուժի կուտակմանն ու գործարկմանը, որն անհրաժեշտ է երկրի ինքնիշ­խանությունը և անվտանգությունը, տարած­քային ամբողջականությունը պաշտպանելու, ցանկացած նախահարձակ գործո­ղության հակահարված տալու համար։
  • կատարելագործել Պաշտպանության բա­նակի մարտունակության բարձրացման, մարտական և զորահավաքային պատրաստա­կանության և բանակա­շինության աշխա­­տանաքները։
  • որակյալ սպայական կադ­րերով շարունակաբար համալրել բանակը։
  • վերանայել զինծառայողների արտոնությունների համակարգը՝ հօգուտ զինծառայողների, նրանց սոցիալական ապահովության բարելավման։
  • ամրապնդել բանակ-հասարա­կու­թյուն կապը՝ միտված հասա­րակության մեջ զինվորա­կանի հանդեպ հար­գանքի ու վստահության բարձ­րացմանը, երիտասարդության շրջանում զինվո­րական մաս­­նա­­գիտությունների ընտրության գրավչությանը։
  • բարելավել հայրենիքի պաշտպա­նության համար զոհված ազատամարտիկների ընտանիքների, անհայտ կորած անձանց հարազատների, հաշմանդամ ազա­տամարտիկների, ինչպես նաև արցախյան պատերազմի վետե­րանների սոցիալական, իրավական պաշտպան­վածության և կյանքի պայմանները։
  • մշակութային ՊՈԱԿ-երի հետ համագործակցության շրջանակներում մշակութա­ժամանցային ծրագրեր իրականացնել ՊԲ զորամա­սերին կից զինվորական բնակավայրերի տարածքներում։
  • մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ներդնել ռազմական հարցերով հանձնակատարի (օմբուդսմենի տեղակալ) ինստիտուտ, որի գործառույթը կլինի զինծառայողների իրավունքների պաշտպանությունը։
  • մշակել Արցախի Հանրապետության «Ազգային անվտանգության հայեցակարգը», որը կսահմանի անվտանգության բոլոր բաղադրիչների ուղղություններով պետական քաղաքականությունը։
  • շարունակել քաղաքա­ցիական պաշտպանության համակարգի բարելավման աշխատանքները, որոնք վերջին տարիներին նախաձեռնվել են «Ժողովրդավարություն» խմբակցության կողմից։ Տեխնիկապես հագեցած ապաստարաններ կառուցել բոլոր բնակավայրերում։
  • տեխնիկապես վերազինել արտակարգ իրավիճակների ծառայության ներքո գտնվող ստորաբաժանումները։
  • կատարելագործել ճգնաժամային կառավարման համակարգի աշխատանքները, մասնավորապես, արագ արձագանքման ուղղությամբ։

 

  1. Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն

 

Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, որտեղ երաշխավորվելու է քաղաքական համակարգի լիարժեք կայացումը, կայունության ապահովումը, ժողովրդավարական արժեքների և առաջին հերթին մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը:

Այս ոլորտում մենք կարևորում ենք՝

  • մարդու իրավունքների պաշտպանության պետական ռազմավարության և հանրային մարմինների համար միասնական գործողությունների ծրագրի մշակումն ու իրականացումը: Գործողությունների ծրագիրը պետք է ուղղված լինի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ապահովմանը, հակաիրավական ոտնձգություններից պետության, հասարակության և անհատի պաշտպանությանը:
  • Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործողությունների միասնական ծրագրի մշակման համար կատարել համապարփակ հետազոտություն հետևալ ոլորներում՝ ա. քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանություն, բ. սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանություն, գ. օրինապահպանության և իրավահավասարության ապահովում:

Արդյունքում ստացված ծրագիրը միտված է լինելու.

  • բարելավել Արցախում գտնվող բոլոր մարդկանց իրավական բարեկեցությունը, անվտանգությունը և պաշտպանվածությունը՝ համընդհանուր ճանաչում ստացած միջազգային չափանիշներին համապատասխան:
  • ապահովել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը՝ ԱՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացմամբ:
  • բարձրացնել մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկվածությունը, մասնավորապես, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության գիտակցությունը:
  • տարածել մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ նյութեր՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով:
  • ընդունել պարտավորություն՝ մարդու իրավունքների ոլորտում միջազգային ստանդարտների պահպանման և համապատասխան դաշնագրերի պահանջների ապահովման համար:
  • խթանել ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով երկխոսությունները, մասնավորապես՝ երաշխավորել արտահայտվելու, տեղեկատվության ազատության, հավաքների ազատության իրավունքները, ինչպես նաև ճանաչել քաղաքացիական հասարակության՝ անկախ գոյության իրավունքը և խթանել դրա հետագա զարգացումը:
  • երաշխավորել բնակչության համար իրավական պաշտպանության միջոցների մատչելիությունը:
  • իրականացնել մարդու իրավունքների վիճակի մասին մշտադիտարկումներ՝ անձանց իրավաբանական օգնության տրամադրման հնարավորություններն ու անհրաժեշտությունը ուսումնասիրելու համար:
  • կատարելագործել Հանրային պաշտպանի ինստիտուտը:
  • խրախուսել քաղաքացիական հասարակության ինստիտուտների կարողությունների զարգացումը նպատակային դրամաշնորհային ֆինանսավորման եղանակով:

 

  1. Դատական համակարգ և օրինապահպանություն

 

Անկախ դատական իշխանությունն ու դատարանների անաչառ գործունեությունը հասարակական համերաշխության և օրենքի առաջ բոլորի հավասարության կարևորագույն երաշխիքներն են:

 

Դատական համակարգի և օրինապահ մարմինների բարեփոխումների առանցքային նպատակն է.

 

  • ստեղծել համարժեք պայմաններ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և դատական քննության ողջամիտ ժամկետի ապահովման համար, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում դատավորների թվակազմի փոփոխություն, արտադատական եղանակով վեճերի լուծման մեխանիզմների ներդնում:
  • ներդնել դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման կարգ, ինչպես նաև հանրության համար հասանելի առցանց ռեժիմում գործող՝ դատարանների գործունեությունն ամփոփող զեկույցների և վիճակագրության հրապարակման կառուցակարգեր:
  • բարելավել դատարանների շենքային պայմանները և տրամադրել տեխնիկական համապատասխան բազա, այնպես, որ դատարաններն ունենան բավարար տարածք, այլ պետական մարմինների շենքերից լինեն պատշաճ կերպով սահմանազատված, և ապահովված լինի սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող անձանց մուտքը դատարան:
  • ներդնել դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան կարգ, որով կկատարելագործվեն դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման օրենսդրական ընթացակարգերը, ինչպես նաև կապահովվեն դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման գործընթացների թափանցիկությունն ու հանրային հասանելիությունը:
  • ապահովել դատավորների կարգավիճակից բխող սոցիալական երաշխիքների ամրապնդում ու դատավորների կարողությունների շարունակական զարգացում
  • իրականացնել հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված պարբերական միջոցառումներ:
  • ստեղծել մեկ միասնական փորձագիտական հաստատություն, որն ապահովված կլինի անհրաժեշտ փորձագիտական ներուժով, նորագույն փորձագիտական սարքավորումներով, փորձաքննությունների կոնկրետ տեսակների համար միասնական մեթոդաբանությամբ:
  • բարեփոխել դատախազության համակարգը, դատախազների ընտրության մրցույթի թափանցիկության ապահովման, դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բարելավման, դատախազների կարողությունների զարգացման նպատակով:
  • բարձրացնել Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի և որակավորման հանձնաժողովների արդյունավետությունը այնպես, որ առավելագույնս ապահովվի հանձնաժողովների գործունեության օբյեկտիվությունը:
  • շարունակել քննչական մարմինների համակարգի բարեփոխումները՝ Արցախի տարածքային առանձնահատկությունների հետ պայմանավորված կառուցվածքային փոփոխությունների, քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բարելավման, քննիչների կարողությունների զարգացման ծրագրերի իրականացմամբ:
  • փոփոխություն կատարել «Փաստաբանության մասին» ԱՀ օրենքում՝ ընդլայնելով անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը:
  • վերանայել գույքային պահանջների գործերով անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար նախատեսված գումարային սահմանափակումների շեմը:
  • բարելավել նոտարական համակարգը, կազմակերպել նոտարական համակարգի աշխատողների վերապատրաստումներ:
  • ներդնել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի արդյունավետ կատարման կառուցակարգեր, որպեսզի արդար դատաքննության իրավունքը չլինի երևակայական իրավունք, իսկ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները կատարվեն առանց լրացուցիչ գործողությունների, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարումը դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս:
  • կատարելագործել իրավական նորմերի նախագծերի հանրային քննարկումների մեխանիզմը օրենքների նախագծման, քննարկման փուլում էլեկտրոնային հարթակում առաջարկների և հիմնավորումների հավաքագրման համար (e-draft.am-ի օրինակով):
  • մշակել վարչական իրավախախտումների վերաբերյալ ինստիտուցիոնալ և համապարփակ օրենսդրությունը:

 

  1. Սոցիալական արդարություն

Մեզ համար առաջնային են հավասարության և արդարության սկզբունքների ապահովումը, հասարակության յուրաքանչյուր անդամի համար հավասար պայմանների և հավասար հնարավորությունների ստեղծումը։

Այս նպատակին հասնելու համար մեր քայլերը միտված են լինելու՝

  • բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի համար տարրական պայմանների ապահովմանը:
  • համարժեք բուժօգնություն ստանալու իրավունքի ապահովմանը:
  • սահմանափակ կարողությամբ անձանց պաշտպանությանը:
  • տարիքով պայմանավորված խտրականության բացառմանը
  • կանանց և տղամարդկանց իրավահասարության ապահովմանը:
  • տնտեսական հավասարության խթանմանը:
  • կրթական հնարավորությունների բարելավմանը:

Սոցիալական արդարության ապահովման ուղղությամբ մեզ համար գերակա են լինելու․

  • սոցիալական պաշտպանությունը, ոլորտում առկա նպաստ­ների, փոխհատուցումների, թոշակ­ների և այլ վճարների գույքագրման անցկացումը, ինչը իրական հիմքեր կտա գնահատելու սոցի­ա­լական քաղաքականության արդյունավետու­թյունը, դրա հասցեականությունը:
  • նպաստների, կենսաթոշակների, թո­շակ­ների, զանազան լրավճարների ու փոխհատուցումների վերանայումը՝ այն դարձ­նելով ավելի ճկուն և պարզ,
  • ակտիվ աշխատաշուկայի քաղաքականության վարումը, մասնավորապես` աշխատաշուկայի առաջարկի և պահանջարկի համապատասխանեցումը։
  • գործազուրկների հմտությունների ու կարողությունների զարգացումը, աշխատանքային նոր հնարավորությունների ստեղծումը:
  • սոցիալական բևեռվածության նվազումը, սոցիալական արդարության վերականգնումը, հասարակության բոլոր խմբերի վերաինտեգրումը և համերաշխ հանրության կերտումը։
  1. Իրավունքի գերակայություն և հակակոռուպցիոն պայքար

 

Արցախի Հանրապետությունը իրավական պետություն է, որտեղ իշխանությունը պետք է սահմանափակված լինի իրավունքով և ոչ թե իրավունքի իշխանությամբ, իսկ այդ սկզբունքը պետք է չափազանց հստակ լինի, որոշակիացված ու սահմանադրորեն ամրագրված:

 

Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջև սերտ կապը հատկապես ակներև է արդարադատության հասանելիության, կոռուպցիայի վերացման, մամուլի ազատության և դատական համակարգի անկախության ոլորտներում իրականացվող բարեփոխումների արդյունավետության համար:

Իրավունքի գերակայության պարագայում պետք է երաշխավորվի անհատ-հասարակություն-պետություն ներդաշնակ ու փոխշահավետ համագործակցությունը: Այս առումով՝

 

  • իրականացնելու ենք հանրային իշխանությունը օրինա­կանության սկզբունքի հիման վրա՝ երաշխավորելով կամայականության արգելքի սկզբունքը ևհստա­կեցնելով հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները:
  • ապահովելու ենք իրավունքների միջամտության ցանկացած դեպքի՝ համաչափության սկզբունքին համապատասխանությունը և իրավական վեճերը բացառապես իրավական ճանապարհով լուծելու մեխանիզմներ։
  • երաշխավորելու ենք օրենքի առջև բոլորի հավասա­րության սկզբունքը, անկախ և անաչառդատարանների կողմից արդարադատության իրականացման արդյունավետությունն ու մատչելիությունը, մարդու իրավունքների և ազատությունների հարգումը, անխտրականությունը:
  • ստանձնելու ենք համարժեք հանրային-իրավական պատասխանատվություն, իրավունքների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության հարցում:

 

Կոռուպցիոն ցանկացած երևույթ խարխլում է սոցիալական արդարությունն ու հանրային համերաշխությունը՝ դրանով իսկ թուլացնելով քաղաքացուն՝ անհատապես և հասարակությանը՝ հավաքական առումով: Հակակոռուպցիոն պայքարում մեր գործողությունների հիմքում լինելու է այն գաղափարը, որի համաձայն կոռուպցիան պետք է լինի ոչ միայն քրեորեն դատապարտելի, այլև հանրայնորեն պարսավելի:

Այդ նպատակին հասնելու համար՝

  • կիրառելու ենք կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային արդյունավետ փորձը՝ կատարելագործելով մեր օրենսդրական և ինստիտուցիոնալ կարողությունները համապատասխան մեխանիզմների ներդրման համար:
  • իրականացնելու ենք համակարգված քաղաքականություն պետական, հանրային կառույցներում՝ կոռուպցիոն ռիսկերի գնահատման, կոռուպցիոն դեպքերի բացահայտման ուղղությամբ: Ներդնելու ենք հակակոռուպցիոն միասնական մարմին՝ հանրային ծառայությունների մատուցման ոլորտում հակակոռուպցիոն մշտադիտարկումներ իրականացնելու և հանրային կարծիքի գնահատման նպատակով:
  • հակակոռուպցիոն պայքարում «քաղաքացի-պետական համակարգ» համագործակցությունը ամրապնդելու համար գործարկելու ենք թեժ գիծ:
  • զարգացնելու ենք Կառավարության վերահսկողական կարողությունները և ԱՀ Հաշվեքննիչ պալատի իրավասությունները՝ պետական միջոցների օգտագորման հաշվետվողականությունն ու թափանցիկությունը ապահովելու նպատակով:
  • իրականացնելու ենք հակակոռուպցիոն արշավներ երիտասարդության գործուն մասնակցությամբ: Հանրակրթական դպրոցներում իրականացնելու ենք կոռուպցիոն երևույթների և դրանց դեմ պայքարի միջոցների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ ծրագրեր:
  • սերտորեն համագործակցելու ենք քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, առաջնահերթ կերպով աջակցելու ենք հակակոռուպցիոն օրակարգ ունեցող հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ու ակտիվ գործունեությանը:

 

  1. Տարածքային համաչափ զարգացում և տեղական ինքնակառավարում

Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալտնտեսական զարգացման մակարդակների միջև ներկայումս ձևավորվել է զգալի անհավասարաչափություններ, որոնք իրենց բացասա­կան ազդեցությունն են թողնում ընդհանուր տնտեսության զարգացման վրա և պատ­ճառ են դառնում միգրացիայի ու ժողովրդագրական ցուցանիշների անցանկալի փոփո­խությունների: Շրջանների սոցիալտնտեսական զարգացման մակար­դակների միջև ձևավորված տարբերությունների մեղմացումը երկրի տնտե­սական քաղաքականության գերակա հիմնախնդիրներից է:

 

Մեր կողմից իրականացվելիք հստակ պետական քաղաքականությունը ընդգրկելու է.

 

  • յուրաքանչյուր շրջանի արտադրատնտեսական ռեսուրսների գնահատում և դրանց օգտագործման արդյունավետու­թյան բարձրացման միջոցով համայնքների համաչափ զարգացման գործըն­թացի բարելավում,
  • բնակչության նյութական և ոչ նյութական բարեկեցության և զբաղվածության աճին ուղղված ծրագրերի իրագործում,
  • համայնքներում, ըստ առանձնահատկությունների, տնտեսական ու ներդրումային ակտիվության աճի խթանում,
  • ենթակառուցվածքների և մատուցվող համայնքային ու հանրային ծառայությունների որակի, հասանելիության ու արդյունավետության բաբարձրացում,
  • տարածքային սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված պետական, դոնոր կազմակերպությունների և մասնավոր ներդրումների ու ծրագրերի նպատակայնության և արդյունավետության բարձրացում,
  • տարածքային կառավարման բարեփոխումների իրականացում, մասնավորապես միջհամայնքային համագործակցության ընդլայնում,
  • տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական ու ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում,
  • կառավարման տարբեր մակարդակների գործունեության համակարգում, «կառավարություն-շրջվարչակազմ-համայնք» շղթայի ներդաշնակ գործունեության ապահովում, միջշրջանային և ներշրջանային համագործակցության կատարելագործում,
  • գյուղատնտեսական համակարգի զարգացման դինամիկայի, ներկա վիճակի, զարգացման միտումների վերլուծություն և գյուղատնտեսության մաս­նագիտացման նախընտրելի ուղղությունների զարգացում,
  • միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների վերանորոգում:

 

Տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքական գործիքակազմը նպատակ է ունանալու՝

 

  • ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների և ֆինանսական ռեսուրսների միջև համապատասխանությունը՝ հետևողականորեն ավելացնելով համայնքների ինքնակազմակերպման հնարավորությունները,
  • ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները և բարձրացնել դրանց որակը,
  • պայմաններ ստեղծել դեպի համայնքներ ներդրումների հոսքի և համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծման համար,
  • ապահովել արդյունավետ վերահսկողույթյան մեխանիզմներ համայնքի ղեկավարի կողմից ընդունվող որոշումների և գործունեության նկատմամբ,
  • ուսումնասիրել միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման նպատակահարմարությունը,
  • իրականացնել հատուկ օժանդակության ծրագրեր՝ սահմանամերձ և սահմանափակ ռեսուրսներ ունեցող համայնքների համար:

 

  1. Արտաքին քաղաքականություն

Արտաքին քաղաքականության բնագավառում մենք գերակա ենք համարում Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքում ստեղծված անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետության միջազգային իրավական ճանաչումը և միջազգային հանրության հետ ինտեգրումը։

  • Արցախի Հանրապետության միջազգային իրավական ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման նպատակով ուղղակի բանակցություններ ենք սկսելու տարբեր երկրների հետ: Նման գործընթաց պետք է սկսել մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական հետաքրքրությունների բախում չունեցող պետություններից։
  • Համակողմանի քաղաքական կապեր ենք ստեղծելու արտերկրի ժողովրդավարական արժեքներ դավանող և ազգերի ինքնորոշման իրավունքը պաշտպանող կառույցների, կուսակցությունների հետ։ Ամրապնդելու ենք կուսակցության կապերը Եվրոպական ազատ դաշինքի հետ և հետևողական ենք լինելու ԵԱԴ-ի միջոցով Եվրախորհրդարանում ու եվրոպական երկրներում Արցախի Հանրապետության շահերը պաշտպանելու գործում։ Նախաձեռնողականություն ենք ցուցաբերելու միջազգային տարբեր կառույցներին ինտեգրվելու ուղղությամբ։
  • Օգտվելու ենք խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորություններից՝ արտաքին կապերի ընդլայնումը խթանելու ուղղու­թյամբ՝ սերտորեն համագործակցելով ՀՀ Ազգային ժողովի, Սփյուռքի հայկական կառույցների, դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։
  • Հետամուտ ենք լինելու Հայաստան-Սփյուռք-Արցախ փոխգոր­ծակցության հա­մար նպաստավոր պայման­ների ապահովմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև Արցախ վերադարձող սփյուռքահայերի համար անհրաժեշտ պայման­ների ստեղծ­մանը։ Նախաձեռնելու ենք համահայկական եռակողմ գործակցությունը ներկայացնող որևէ ձևաչափով քաղաքական մարմնի (օրինակ՝ Համահայկական Սենատի) ստեղծումը։

 

  1. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորում

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես միջազգային միջնորդության մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող բանակցությունների միջոցով՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և խաղաղ գոյակցության սկզբունքների վրա։ Արցախի ժողովրդի անվտանգությունը զիջման ենթակա չէ:

  • Արցախի Հանրապետությունը պետք է մասնակցի բանակցություններին բոլոր փուլերում։ Արցախի Հանրապետությունը չի կարող դուրս մնալ հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացից։ Հակամարտության անմիջական կողմերի՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղղակի շփումների բացայակության պայմաններում Մինսկի խմբի համանախագահները դիվանագիտական միջոցներով պետք է շարունակեն ապահովել Արցախի Հանրապետության մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին:
  • Հիմնախնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Մենք գտնում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դրված ժողովուրդների ազատ ինքնորոշման, պետությունների տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման միջազգային իրավունքի սկզբունքները բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության անկախացման իրավական հիմքերի և լեգիտիմությանը վերաբերվող առանցքային փաստերի ու փաստաթղթերի հետ լիարժեքորեն կապելու և դիվանագիտական խողովակներով ու հասանելի բոլոր միջոցներով դրանք բանակցային խոսույթում ընդգրկելու կարիք կա։
  • Ադրբեջանի օկուպացիայի ներքո են Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը, Մարտակերտի ու Մարտունու շրջանների որոշ հատվածներ։ Համաձայն հիմնախնդրի իրավական հիմքերի և Արցախի Հանրապետության սահմանադրության՝ այդ շրջանները պատկանում են Արցախի Հանրապետությանը և պետք է վերադարձվեն։
  • Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հետևողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին իրավական պատասխանատվության ենթարկելու և Ադրբեջանի հայ համայնքի քաղաքական ու տնտեսական կորուստների փոխհատուցման հարցերը հակամարտության կարգավորման օրակարգում ընդգրկելու հարցում։
  • Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման։ Արցախի անվտանգության միակ երաշխավորը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետությունը։ Կուսակցությունը աջակցելու է, որ Ստեփանակերտը և Երևանը հետամուտ լինեն ռիսկերի նվազեցման մեխանիզմների ներդրմանը:

 

  1. Բարեկեցություն, կայուն զարգացում

Մեր երկրի ներկայի և ապագայի պոտենցիալի օգտագործումը բոլոր սերունդների կարիքների և ձգտումների բավարարման համար պահանջում է բնական պաշարների ռացիոնալ օգտագործում, կայուն և նպատակաուղղված ներդրումների ներգրավում, գիտատեխնոլոգիական զարգացում, յուրաքանչյուր քաղաքացու անհատական զարգացում և ազատ ինքնադրսևորման հնարավորությունների ապահովում, պետության ինստիտուցիոնալ կարողությունների կատարելագործում: Այս բանաձևով է հնարավոր ապահովել Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցիկ կյանքն ու մեր երկրի կայուն զարգացումը:

Կայուն զարգացման և բարեկեցության ապահովման մեր բանաձևը ներառում է.

  • բնակչության բոլոր խավերի համար կարողությունների բացահայտման, զարգացման և իրացման հավասար հնարավորությունների ընձեռում,
  • անկախ տարիքից, սեռից և այլ հատկանիշներից բոլորի համար ինքնադրսևորվելու հավասար պայմանների ապահովում,
  • բոլորի համար ներառական ու համապատասխան որակյալ կրթության ապահովում և ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորությունների խթանում,
  • ջրի հասանելիության և ճշգրիտ կառավարման, սանիտարական պայմանների ապահովում,
  • արժանապատիվ աշխատանք ունենալու հնարավորություն և բնապահպանական համակարգի ճշգրիտ կառավարում,
  • նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի բարձրացում, գնաճին համապատասխան ինդեքսավորում,
  • մարդկային կապիտալի գնահատում և ճիշտ կիրառում,
  • գիտելիքահենք տնտեսության ստեղծում,
  • կադրային բանկի ստեղծում` հավաքագրելով բարձր մասնագիտական ունակությունների և կարողությունների տեր անձանց,
  • պետական կառավարման բնագավառում բարեփոխումների և համակարգի կատարելագործման իրականացում,
  • բարենպաստ գործարար միջավայրի ապահովում, ներդրումային գրավչության բարձրացման և մասնավոր ներդրումների ներգրավման խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում,
  • տարածքային համաչափ զարգացում և տնտեսության դիվերսիֆիկացում,
  • տնտեսական աճին միտված կայուն և հուսալի արտադրական ենթակառուցվածքների զարգացում,
  • երկրի տնտեսական և էներգետիկ անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացում:
  1. Աշխատանք, աղքատության հաղթահարում

Երկրում աղքատության հաղթահարման նախընտրելի ուղին մարդուն արժանապատիվ, իր կարողություններին ու ունակություններին համապատասխան աշխատանքով ապահովումն է և գործարար կարողությունների զարգացումը:

Ոլորտի բարեփոխման մեր տեսլականը ուղղված է լինելու հետևյալ քայլերի իրագործմանը՝

  • աշխատուժի առաջարկի և պահանջարկի կարգավորում,
  • գործատուների և վարձու աշխատողների միջև կառուցողական բանակցությունների կազմակերպում,
  • տնտեսական գործունեության արդյունքում ձեռք բերված եկամուտների և աշխատավարձերի բաշխում, դրանց հավասարակշռված դրույքաչափերի սահմանում,
  • գործազուրկների սոցիալական պաշտպանվածության ապահովում,
  • աշխատանքային, սոցիալական և իրավական հարաբերությունների կարգավորում,
  • աղքատության հաղթահարման ռազմավարական նոր ծրագրի ներդրում,
  • կայուն և ներառական տնտեսական աճի ապահովումը,
  • տրամադրվող անվճար բուժօգնության մեխանիզմների արմատական բարեփոխում,
  • կյանքի որակի ու տևողության վրա դրականորեն ազդող որակյալ բժշկական ծառայությունների մեխանիզմների ներդրում,
  • աղքատների գործարար կարողությունների զարգացման համար վերապատրաստումների կազմակերպում և նրանց համար տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորությունների ստեղծում,
  • աղքատների կրթական կարիքների բավարարմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • սոցիալապես խոցելի ընտանիքներին աջակցության տրամադրում,
  • սոցիալական ոլորտում առկա նպաստների, թոշակների, կենսաթոշակների, տարատեսակ լրավճարների ու փոխհատուցումների վերանայում` դարձնելով այն ճկուն, պարզ և հասցեական:
  1. Տնտեսական բարեփոխումներ

Մրցունակ, նորարարությունների և գիտելիքի վրա հիմնված արդիական տնտեսական համակարգի ձևավորումը ընկած է տնտեսական բարեփոխումների մեր տեսլականի հիմքում: Մեր համոզմամբ՝ հանրության նկատմամբ անազնիվ ու իրագործման համար դատապարտված է այն ծրագիրը, որը բնակչության խոստանում է պոպուլիստական արդյունքներ՝ առանց հաշվի առնելու երկրի տնտեսության ու բյուջեի հնարավորությունները: Ցանկացած տնտեսական ծրագրի գնահատականը ապագա տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծումն է: Երկարաժամկետ և կայուն տնտեսական աճը իրական է դարձնում բնակչության առջև ծառացած բազում խնդիրների լուծումը, սոցիալական ծրագրերին ուղղվող ֆինանսավորման մեծացումը:

Ի՞նչ է պետք անել այդ ուղղությամբ.

  • Պետք է հետևողական լինել տնտեսության հետագա դիվերսիֆիկացման հարցու: Երկրում տնտեսական հիմնական ցուցանիշները (ՀՆԱ, տնտեսական աճ, ՄԱԱ, արտաքին առևտրի կառուցվածք և այլն) չպետք է կախվածություն ունենան հանքագործությունից: Բյուջետային ռեսուրսներն ու մասնավոր ներդրումները անհրաժեշտ է ուղղորդել դեպի տնտեսության առավել հեռանկարային, մրցակցային առավելություն ու բազմապատիկ արդյունք ապահովող ոլորտներ, ոչ թե խիստ ռիսկային, չփորձարկված ծրագրերի ֆինանսավորմանը:
  • Տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման հիմքում պետք է ունենալ բարձր արտադրողական և թվային տեխնոլոգիաներ, էլեկտրոնային կառավարում, նոր որակի գյուղացիական կոոպերացիա ու բարձրակարգ թվային ծառայություններ և դրանք դարձնել տնտեսական զարգացման հիմնական շարժիչները:
  • Անհրաժեշտ է վերանայել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը, ընդունել կենսունակ հակամենաշնորհային նոր օրենք և տնտեսավարող բոլոր սուբյեկտների համար ստեղծել հավասար մրցակցային պայմաններ՝ իսպառ վերացնելով պետական հովանավորչությունը:
  • Արտաքին տնտեսական քաղաքականության բնագավառում վարել ՀՀ հետ խիստ ինտեգրված քաղաքականություն, մեր տնտեսավարողներին ընձեռնել արտահանմանը միտված՝ ձևավորված լոգիստիկ համակարգերից, սառնարանային, փաթեթավորման և տարայավորման տնտեսություններից օգտվելու հնարավորություն: Անհրաժեշտ է նախագծել և Արցախում կյանքի կոչել ռեժիմային Ազատ Տնտեսական Գոտի (տեխնոքաղաքներ կամ տեխնոպարկեր) ստեղծելու գաղափարը, որը կարող է գրավել ներդրողներին:
  • Երկրում գործարարությամբ զբաղվելը պետք է լինի շահութաբեր, սեփականության իրավունքն ու ներդրումները՝ պաշտպանված: Կայացած մասնավոր հատվածը պետության հուսալի նեցուկն է տնտեսական և սոցիալական բարեփոխումների ճանապարհին:
  • Արցախն ունի բազմաթիվ սահմանափակումներ, որոնք ճիշտ հաշվի չառնելու և չգնահատելու դեպքում իրականացվող տնտեսական ծրագիրը կդառնա ոչ իրատեսական: Այդպիսի սահմանափակումների թվին, Արցախի տնտեսության մեկուսացվածությունից զատ, պետք է դասակարգել ԱՀ արտաքին աշխարհի կողմից չճանաչվածությունը, որը ԱՀ տնտեսավարողների համար ֆինանսական շուկաների կողմից առաջարկվող տարբեր պրոդուկտները դարձնում է անմատչելի՝ նվազեցնելով ԱՀ տնտեսության մեջ ներդրում կատարելու տնտեսվարողների շարժառիթները:
  • Արցախում հարկային բեռի սահմանման հիմքում անհրաժեշտ է հաշվի առնել նրա կարգավիճակով պայմանավորված ռիսկի գործոնը, սահմանել հարկային էականորեն ցածր դրույքաչափեր: Հարկման դաշտում ապահովել կայունություն, բացառել իրավիճակային լուծումները և անհատական արտոնությունների սահմանումը: Հարկային օրենսդրության փոփոխությունները պետք է լինեն կշռադատված և թվերով հիմնավորված:
  • Պետության աջակցությամբ ձևավորված հիմնադրամների ռեսուրսների տեղաբաշխման և օգտագործման արդյունավետության գնահատման և վերահսկողության անհրաժեշտություն կա: Պետական գնումների համակարգը ևս պետք է կառուցվի տեղական արտադրությունը խթանելու նպատակայնության և խնայողության սկզբունքների վրա:
  • Կարևորում ենք հասանելի և հուսալի ենթակառուցվածքների ձևավորումը, տարածքային զարգացման անհամաչափության մեղմումը, պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացումը, ծառայությունների թվայնացումը:
  • Էականորեն պետք է իջեցնել էլեկտրաէներգիայի սակագները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում վերջին 5 տարում սպառված էլեկրտաէներգիայի 91%-ը (իսկ 2018թ՝ 105%-ը) արտադրվում է տեղում:
  • Տնտեսական աճ ստեղծող սուբյետը տնտեսավարողն է, որը պետք է իրեն ապահով զգա՝ աշխատելով ԱՀ տնտեսական համակարգում և շահագրգռված լինի կատարել ներդրումներ, իրագործել նոր ծրագրեր: Դրա համար պետք է ապահովվի առնվազն 3 պայման՝ մակրոտնտեսական միջավայրի կայունություն, տնտեսական միջավայրը կարգավորող օրենքների կանխատեսելիություն (օրինակ հարկային քաղաքականությանը վերաբերող օրեքները չի կարելի փոփոխել հաճախակի) և վարվող տնտեսական քաղաքականության հեռանկարայնություն:
  • Բիզնես սկսելու, զարգացնելու բոլոր սահմանափակումները, բյուրոկրատական և վարչարարական արգելքները պետք է վերացվեն, լիցենզիաների, թույլտվությունների և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար պահանջները, վճարները հասցվեն նվազագույնի, կարգավորումները լինեն պարզ, հասկանալի և հանրային շահին ծառայեցված: Իսկ գործադիր իշխանության ցանկացած որոշում՝ նախօրոք պետք է անցնի «Կարգավորման ազդեցության գնահատում»:
  • Տնտեսական զարգացումը պետք է սոցիալական արդյունք ձևավորի, վերջին տասը տարիներին արձանագրված տնտեսական աճի 10.2% միջին տարեկան ցուցանիշը պետք է ներառական լինի և, որպես հետևանք, դրսևորվի քաղաքացու բարեկեցության աճով:
  • Հիպոթեքային վարկավորման պայմանները պետք է բարելավել՝ վերանայելով կանխավճարների և ընտանիքի եկամուտներին չափին ներկայացվող պահանջները:
  • Պետք է վերանայել սոցիալական նպաստների համակարգը, գործող շուրջ 100 տեսակի նպաստները անհնար են դարձնում առկա սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
  1. Քաղաքաշինություն

 

Քաղաքաշինության ոլորտի զարգացման առաջնահերթ խնդիրը լինելու է քաղաքաշինական խնդիրների թիրախային լուծումը, հանրապետության մայրաքաղաքում և շրջաններում բնակարանային ֆոնդի հարստացումը, առողջապահական, մշակութային, կրթական հաստատությունների կառուցումն ու վերանորոգումը և ոլորտի նորմատիվ-իրավական բազայի կատարելագործումն ու արդիականացումը:

Այդ առումով կարևորում ենք`

  • Արցախի Հանրապետության բնակարանային ֆոնդի ֆիզիկական և բարոյական մաշվածության գույքագրումը, ինչը թույլ կտա արդյունավետ կառավարել առկա բնակարանային ֆոնդը, հստակ հաշվառում ունենալ վթարային շենքերի քանակի, վթարայնության աստիճանի, սեյսմիկ անվտանգության գնահատականի, կապիտալ և ընթացիկ նորոգումների անհրաժեշտության մասին:
  • բազմաբնակարան թաղամասերի կառուցումը և բնակչության համար մատչելի պայմաններով վարկավորման ծրագրերի գործարկումը, ինչը հնարավորություն կտա հարստացնել բնակարանային ֆոնդը մայրաքաղաքում, շրջկենտրոններում:
  • բազմաբնակարան շենքերի պահպանման և շահագործման աշխատանքները նորմալ կազմակերպելու համար թաղամասերի կառավարման համատիրության համակարգի ներդնումն ու կիրառումը:
  • շինարարական աշխատանքները ժամանակին, ամբողջական ծավալով և որակով իրականացնելու նպատակով քաղաքաշինության ոլորտում ապահովագրական մեխանիզմների ներդրումը, ինչը կապահովի կապալառուների և կառուցապատողների պատասխանատվության աստիճանի բարձրացում:
  • հանրապետության բնակավայրերի (ըստ առաջնահերթության Ստեփանակերտ, շրջկենտրոններ և գյուղական բնակավայրեր) կարևորագույն ծրագրային փաստաթղթերի` գլխավոր հատակագծերի մշակումը, ինչը հնարավորություն կտա բնակավայրերում քաղաքաշինական բոլոր խնդիրները լուծել համապատասխան գլխավոր հատակագծի:
  • նոր կառուցվող և վերակառուցվող շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության և էներգախնայողության աստիճանի բարձրացման միջոցառումների մշակումը:
  • քաղաքաշինության ոլորտում ժամանակակից և միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համահունչ տեխնիկական նորմատիվ, ինչպես նաև շինարարության գնագոյացման փաստաթղթերի մշակումը:
  • ինքնակամ շինարարության դեմ պայքարի խստացումը:
  • վերահսկողության տակ պահել Արցախի Հանրապետության տարածքում պատմական միջավայրի և վերակառուցումների ընթացքում ճարտարապետական դիմագծի պահպանման աշխատանքները:
  • գիտության, կրթության զարգացումը խթանելու նպատակով ուշադրության կենտրոնում պահել կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման, նյութատեխնիկական բազայի հարստացման ու արդիականացման աշխատանքները:
  • անթույլատրելի են ֆինանսական պարտավորությունների ժամանակին և պատշաճ չկատարումը:
  1. Գյուղերի զարգացում և գյուղատնտեսություն

 

Զարգացած գյուղը և նորարարական տեխնոլոգիաններով հագեցած ու գիտելիքահենք գյուղատնտեսությունը Արցախի զարգացման կարևորագույն բաղադրիչներն են: Դրան հասնելու համար բարեփոխելու ենք պետական քաղաքականության տրամաբանությունը և երաշխավորելու շահառուների համար հավասար պայմաններ: Գյուղացու համար իր գյուղը և այնտեղ ապրելը պետք է լինի ոչ միայն գրավիչ ու հետաքրքիր, այլև հպարտության աղբյուր:

 

Զարգացող գյուղ և արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու համար իրականացնելու ենք հետևյալ քայլերը.

  • գյուղացու առօրյայի կազմակերպման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծում,
  • քաղաքային և գյուղական բնակավայրերի սերտ համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացում,
  • գյուղերում կենսական անհրաժեշտության պայմանների, կոմունալ հարմարությունների ապահովում,
  • գյուղական ճանապարների վերանորոգման և դրանք մայրուղիներին կապելու ծրագրերի իրականացում,
  • գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների հավասար ու թափանցիկ ընթացակարգերով մատակարարում,
  • բնական աղետների հասցրած վնասի փոխհատուցման և հակակարկտային ցանցի ներդրման աջակցություն,
  • հողային և ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրում,
  • Գյուղատնտեսության որակյալ կադրերի պատաստում ոլորտում առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում, գյուղատնտեսությամբ զբաղվող անհատների համար մասնագիտական վերապատրաստումների կազմակերպում:
  • կամավորության սկզբունքով հողատարածքների միավորման և կոոպերատիվ հիմունքներով համատեղ օգտագործման արմատավորում,
  • մթերող և վերամշակող կազմակերպությունների ցանցի ընդլայնում ու նրանց գործունեության կատարելագործում,
  • գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրման հնարավորությունների ուսումնասիրություն,
  • տեխնիկական պարկի թարմացում ու նոր, ավելի ժամանակակից մեքենաներով ու սարքավորումներով համալրում,
  • գյուղմթերքի իրացման իրական հնարավորությունների ստեղծում,
  • մշակաբույսերի բերքատվության և գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի և մթերատվության ավելացում,
  • ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկավորում,
  • «Հողի ազգային բանկի» ձևավորման հնարավորությունների ուսումնասիրություն,
  • պետական աջակցություն գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների համար գործունեության ընթացքում ծագած բոլոր հարցերի լուծման նպատակով՝ որակյալ սերմերի, պարարտանյութերի, բուժանյութերի, ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովման միջոցով:

 

  1. Զբոսաշրջություն

Զբոսաշրջության զարգացման համալիր քաղաքականության իրականացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների կատարելագործման նպատակը լինելու է Արցախը դարձնել ցանկալի ուղղություն ինչպես Հայաստանի Հանրապետության և հայկական Սփյուռքի մեր հայրենակիցների, այնպես էլ օտարերկրացիների համար:

Դրան հասնելու համար՝

  • կատարելագործելու ենք ենթակառուցվածքները՝ հետևելով ճանապարհների, տրանսպորտային ծառայությունների, հյուրատների, B&B-ների, սննդի ու սպասարկման կետերի չափանիշներին:
  • ապահովելու ենք տուրիստական գործակալութունների ակտիվ գործունեությունը՝ ներդրողների միջոցով ճանաչողական շրջայցեր կազմակերպելով քաղաքներում և համայնքներում:
  • քարոզելու ենք «Հյուրընկալություն» մասնագիտությամբ կրթությունը,
  • ապահովելու ենք տուրիզմի վարչություն-էկոնոմիկայի նախարարություն սերտ կապը, խթանելով ոլորտում անհրաժեշտ ու հասցեական ներդրումները և դարձնելով զբոսաշրջությունը աշխատատեղերի ստեղծման կարևոր ոլորտ:
  • կրթական ծրագրերի և հանրային միջոցառումների միջոցով խրախուսելու ենք փոխադարձ հարգանքի մթնոլորտ տեղացիների, հյուրընկալողների ու զբոսաշրջիկների միջև:
  • վարելու ենք արդյունավետ մարքետինգային ու գովազդային քաղաքականություն աշխարհում՝ ներգրավելով Սփյուռքի ներուժը:
  • ուրվագծելու ենք առավել գրավիչ զբոսաշրջային ուղիները (բացառությամբ դասական ուղղությունների, որոնք են՝ Գանձասար, Դադիվանք, Շուշի, Ամարաս, Հունոտ, Տիգրանակերտ) և կատարելագործելու ենք ենթակառուցվածքները այդ ուղղություններով՝ ճանապարհներ, ժամանցի վայրեր, կացարաններ, սննդի կետեր:
  • բարելավելու ենք Երևան-Ստեփանակերտ-Երևան տրանսպորտային միջոցների ծառայությունները՝ ապահովելով հստակ չվացուցակներ, ներդնելով տոմսերի օնլայն գնման համակարգ:
  • բարելավելու ենք կայարանի պայմանները, որակապես, արտաքնապես ու բովանդակությամբ՝ համապատասխանեցնելով այն միջազգային ստանդարտներին: Կայարանի տարածքում նախատեսվելու է բաց և փակ կայանատեղի, սննդի կետեր, սպասասրահ, ինֆորմացիոն կետեր: Կայարանը պետք է հանվի Ստեփանակերտի ամենաերթևեկելի փողոցից և տեղափոխվի Ստեփանակերտի հիմնական բնակելի տարածքից դուրս՝ ապահովելով կանոնավոր ուղևորափոխադրումներ մայրաքաղաքի բոլոր ուղղություններով:
  • «հյուրընկալություն» մասնագիտությունը ներդնելու ենք ուսումնական ծրագրերում ուսումնարաններում և համալսարանում՝ շրջաններից ապահովելով անվճար տեղեր այդ մասնագիտությունը ընտրողների համար՝ հետագայում շրջաններում աշխատելու պայմանով:
  • տեղացի բնակչությանը մասնակից ենք դարձնելու տեղում որոշումների ընդունմանը:
  • քայլեր ենք ձեռնարկելու Զվարթնոց օդանավակայանի հանրային տարածքում ունենալու Արցախյան տաղավար՝ թղթային գովազդներ տարածելու, խորհրդատվություններ տրամադրելու համար:
  • բիզնես արտոնություններ ենք սահմանելու զբոսաշրջության բնագավառի տնտեսվարողների համար: Մայրաքաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող զբոսաշրջային կետերի համար սահմանելու ենք կոմունալ վճարների, հարկերի մասով արտոնություններ:
  • քայլեր ենք ձեռնարկելու Սփյուռքի կազմակերպություններին տուրիզմի զարգացման գործում ներգրավելու ուղղությամբ:
  • սահմանափակ կարողություններով անձանց համար հարմարեցնելու ենք տուրիստական վայրերը՝ ապահովելով հասանելիությունը, մշակելով հատուկ տուրեր:

 

  1. Ժողովրդագրություն և հայրենադարձություն

Արցախի Հանրապետության ամենամեծ կապիտալը մարդն է: Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը անմիջականորեն կապված է երկրի անվտանգության և տնտեսական կայուն զարգացման հետ, ուստի այն դիտարկվելու է ընդհանուր ազգային-պետական անվտանգության ապահովման քաղաքականության անբաժանելի մաս և պետական քաղաքականության գերակայություն:

Բնակչության աճին ուղղված մեր ջանքերը նպատակ են ունենալու Արցախի բնակչությունը հասցնել 180 հազարի 2030 թվականին, 200 հազարի՝ 2040 թվականին: Այս նպատակին հասնելու համար կիրառվելու է համալիր քաղաքականություն մի քանի բաղադրիչներով՝ ծնելիության աճին ուղղված նպատակային և հետևողական պետական միջամտություն, միգրացիոն գործընթացների նկատմամբ վերահսկողության ապահովում և արտագաղթի հիմնական պատճառների վերլուծություն ու հաղթահարում, Սփյուռքի հայկական համայնքներից հայրենադարձության և Արցախից ու մայր Հայաստանից արտագաղթած հայության վերադարձի խրախուսում:

  • Երաշխավորելու ենք հղիության և ծննդաբերության ընթացքում իրական և լիակատար անվճար ծառայությունների մատուցումը:
  • Ներդնելու ենք վերարտադրողական գործառույթի խանգարմամբ զույգերին անվճար բուժօգնություն ապահովող մեխանիզմներ, Արցախի տարածքում նման օգնություն ցուցաբերելու անհնարինության դեպքում պետական աջակցություն ենք սահմանելու հանրապետությունից դուրս բուժման համար:
  • Բարձրացնելու ենք ծննդաբերության խթանմանն ուղղված պետական աջակցությունը՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում սահմանելով համապատասխանաբար 300 հազար և 350 հազար միանվագ դրամական վճարներ: Կրկնապատկելու ենք յուրաքանչյուր երեխայի խնամքի համար տրամադրվող նպաստը:
  • Գործարկելու ենք ծնելիության խթանման ծրագիր՝ նպատակ ունենալով խրախուսելու ընտանիքներում երրորդ երեխայի ծնունդը: Ծրագրով երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում սահմանվելու է 1500 000 միանվագ դրամական վճար, իսկ ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխաներ խնամող մայրերի համար մինչև երեխայի 2 տարին լրանալը սահմանվելու է ամսական նպաստ՝ նվազագույն աշխատավարձի չափով:
  • Ներդնելու ենք ամեն հաջորդ երեխայի ծնունդով պայմանավորված հիպոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններ, երիտասարդ զույգերին հիպոթեքային վարկավորման համար կանխավճարի նվազման մեխանիզմներ, որոնք աճելու են պետական բյուջեի հնարավորությունների աճմանը զուգահեռ:
  • Բազմազավակ ընտանիքների տնտեսական ակտիվությունն ու ինքնուրույնությունը խթանելու նպատակով իրականացնելու ենք տարբերակված ծրագրեր՝ բազմազավակ ընտանիքներին երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրում, ընտանեկան ձեռնարկատիրության զարգացումը` հատկապես փոքր ու միջին բիզնեսի ոլորտներում:
  • Կենսագործելու ենք նախադպրոցական հաստատությունների համակարգի արդիականացում ու զարգացում: Ներդնելու ենք մանկամսուրների ու մանկապարտեզների համատարած ու հասանելի ցանց:
  • Ծնելիության խրախուսման ծրագրերում հաշվի ենք առնելու հանրապետության շրջանների ու բնակավայրերի սոցիալ-տնտեսական, հասարակական, մշակութային զարգացման առանձնահատկությունները: Ռազմավարական տեսանկյունից կարևորելու ենք բոլոր բնակավայրերում համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը՝ բնակչությանը, հատկապես երիտասարդությանը տեղում պահելու ու տարածքային զարգացման անհամամասնությունները հաղթահարելու նպատակով:
  • Վերանայելու ենք վերաբնակեցման գործող ծրագրերը՝ գաղափարախոսությունը փոխելով վերաբնակեցումից դեպի հայրենադարձություն:
  • Մշակելու ենք մասնագիտական հայրենադարձության ծրագրեր, անհատական մոտեցում ցուցաբերելով հայրենադարձված յուրաքանչյուր անհատի և ընտանիքի: Իրազեկման աշխատանքներ ենք տանելու Սփյուռքում Արցախ տեղափոխվելու ծրագրերի վերաբերյալ:
  • Համալիր վերլուծության արդյունքում վեր ենք հանելու արտագաղթի հիմնական պատճառները:
  1. Կրթություն և գիտություն

Կրթության բոլոր օղակներում որակական նոր բարեփոխումների իրականացումը և գիտության զարգացումը կրթված և առաջադեմ հասարակություն ունենալու մեր տեսլականի հիմքն է:

Հանրակրթության ոլորտում մեր անելիքներն են լինելու.

  • ապահովել նախադպրոցական տարիքի երեխաների խնամքի, կրթության, մանուկների վաղ զարգացման պայմանները: Մինչև 2023 թվականը նախադպրոցական կրթության մեջ ընդգրկել հանրապետության 3-5 տարեկան բոլոր երեխաներին՝ ավելացնելով մանկապարտեզների քանակը և համայնքներում ներդնելով նախադպրոցական կրթության նոր մոդելներ: Ավելացնել մսուրային խմբերի քանակը: Նշված խնդիրների լուծմանը ներգրավել նաև մասնավոր հատվածը՝ ապահովելով պետական երաշխիքներ:
  • դպրոցները համապատասխանեցնել նոր սերնդի կրթության չափանիշներին, այդ նպատակով էական փոփոխություններ կատարելով նախևառաջ մանկավարժական կրթության մեջ:
  • դպրոցաշինության ծրագիրը շարունակել ըստ առաջնահերթության: Ապահովել անհրաժեշտ բոլոր պայմանները որակյալ կրթության, երեխաների առողջության, ֆիզիկական զարգացման, մասնագիտական կողմնորոշման և գեղագիտական դաստիարակության համար:
  • ներառական կրթության մեջ հասնել յուրաքանչյուրին՝ ըստ իր առանձնահատկության կրթության մոդելի: Դպրոցներում ապահովել ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների համար միջավայրի մատչելիությունը: Երեխաների ինտեգրման նպատակով ստեղծել մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ:
  • սահմանել սովորողների օպտիմալ ուսումնական ծանրաբեռնվածություն՝ ներառյալ արտադասարանական և տնային աշխատանքները:
  • վերանայել կրթության բովանդակությունը՝ դրանում ավելացնելով կիրառական գիտելիքը: Լուծել բնագիտական առարկաների դասավանդման խնդիրը՝ ներդնելով հեռավար ուսուցման մոդելը:
  • օրենսդրական ու ենթաօրենսդրական կարգավորումներով, պատշաճ վարձատրության ապահովմամբ, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների կանոնակարգմամբ բարձրացնելով ուսուցչի մասնագիտության գրավչությունը:
  • ավելացնել նախնական տեխնոլոգիական կրթության բաղադրիչը՝ ստեղծելով դպրոցական տեխնոլոգիական նոր լաբորատորիաներ:
  • ավելացնել հայրենաճանաչությանը, ազգային ինքնության պահպանմանը և ազգային միաբանությանը նպատակաուղղված կրթական ծրագրերը: Ավելացնել երեխաների ամառային հանգստի կազմակերպման հնարավորությունները՝ ճամբարների և ամառային դպրոցների ծրագրեր իրականացնելով հանրապետության գյուղական համայնքներում, այդ կերպ նպաստելով նաև փոքր գյուղական համայնքների պահպանմանն ու զարգացմանը:
  • Ապահովել ոչ միայն հանրակրթություն իրականացնող ուսուցիչների, այլև ստեղծագործական կենտրոնների, արվեստի և երաժշտական դպրոցների, մարզական դպրոցների, նախնական և միջին մասնագիտական կրթության հաստատությունների աշխատողների աշխատավարձի բարձրացման շարունակականությունը՝ համակարգի օպտիմալացման, պետական բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացման և նոր ռեսուրսների ներգրավման միջոցով: Ապահովել ուսումնական հաստատություններում աշխատողների սոցիալական երաշխիքները:

Մասնագիտական մրցունակ կրթություն ապահովելու ուղղությամբ մեր անելիքներն են՝

  • արդիականացնել նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունները Ստեփանակերտում, Շուշիում և Մարտունիում, բարերարների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ ստեղծել նոր հաստատություններ մյուս շրջաններում՝ հաշվի առնելով ոլորտային և տարածքային առանձահատկությունները, աշխատաշուկայի պահանջարկը:
  • ներդնել դուալ կրթության համակարգը՝ ապահովելով ուսանողների մրցունակությունն աշխատաշուկայում:
  • ուսանողների կեցության պայմաններն ապահովելու նպատակով ուսանողական հանրակացարաններ ստեղծել այն վայրերում, որտեղ դրանք բացակայում են:
  • վերանայել ուսանողական թոշակների չափերը: Գործարկել ուսման առաջադիմության բարձրացմանը միտված այլ ծրագրեր:
  • արդիականացնել մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող Ստեփանակերտի Ք.Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը՝ ապահովելով շենքային լավագույն պայմաններ և նյութատեխնիկական հարուստ բազա:
  • բարձրագույն կրթության համակարգում վերանայել բուհական մասնագիտությունների ցանկը, դրանք առաջնահերթորեն համապատասխանեցնելով մեր երկրի պահանջներին: Վերանայել բուհական համակարգի ֆինանսավորման քաղաքականությունը՝ թուլացնելով կախվածությունը ուսման վարձավճարներից: Բուհերում իրականացնել ծրագրային հավատարմագրում՝ ապահովելով կրթական ծրագրերի արդյունավետությունը:
  • հետևողական աշխատանք տանել Արցախի բուհերի՝ ակադեմիական ազատությունների վրա հիմնված ինստիտուցիոնալ ինքնավարության, որակավորումների և ուսումնառության արդյունքների ճանաչման, ուսանողների՝ կրեդիտային շարժունության ապահովման ուղղությամբ: Բարձրացնել բուհերի դերակատարությունը գիտության զարգացման գործում:
  • բարձրագույն կրթությունը մատչելի դարձնել խոցելի խմբերի համար՝ մասնագիտական կրթության պետպատվերի ձևավորման համար կիրառելով նոր մեխանիզմներ, առաջնորդվելով կրթության առաջադիմության և արդարության սկզբունքներով:
  • ընդունել Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք:

Զարգացած գիտություն

  • Գիտատեխնիկական ենթակառուցվածքների ստեղծմանը, նյութատեխնիկական բազայի և ենթակառուցվածքների վերազինմանն ու արդիականացմանը զուգընթաց՝ պետք է ընդլայնել գիտական ներուժի զարգացման և վերարտադրության հնարավորությունները, գիտությամբ զբաղվելը դարձնել գրավիչ, գիտաշխատողի սոցիական վիճակը՝ կայուն: Ապահովել բարձր վարկանիշ ունեցող գիտնականի մասնակցությունը միջազգային գիտաժողովների, սեմինարների և խորհրդակցությունների: Պայմաններ ստեղծել, որպեսզի արտերկրի հեղինակավոր բուհերում ուսում ստացած մեր քաղաքացիները կարողանան իրենց մասնագիտությամբ աշխատել Արցախում և ստացած գիտելիքները կիրառել ի նպաստ հայրենիքի զորացման:
  • Գիտելիքահենք տնտեսության ձևավորման մարտահրավերները անհնար է դիմագրավել առանց տնտեսության գիտատար ճյուղերի զարգացման, ինովացիոն գործունեության խթանման, իսկ դա պահանջում է կրթական և գիտահետազոտական ռեսուրսի նպատակային օգտագործում:
  • Պետական բյուջեից գիտության ոլորտին հատկացումները պետք է ուղղված լինեն առաջնահերթորեն երկրում առկա հիմնախնդիրների հետազոտությանն ու Արցախի Հանրապետության զարգացմանը: Այդ նպատակով անհրաժեշտ է ձևավորել և ներդնել պետության կարիքներից բխող գիտական հետազոտությունների պետական պատվեր, ներդաշնակեցնել գիտելիքի ստեղծման և կիրառման գործընթացները, մշակել գիտական արդյունքի առևտրայնացման և գիտական գործունեության մեջ տնտեսության մասնավոր հատվածի մասնակցության մեխանիզմներ, իրականացնել կիրառական հետազոտություններ՝ համաֆինանսավորման սկզբունքով:
  1. Մշակույթ, երիտասարդություն, սպորտ

Մշակութային կյանքի աշխուժացումը, մշակութային օջախների պատշաճ գործունեությունը, երկրի մշակութային կյանքին յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության ապահովումը լինելու է պետության կարևորագույն առաքելությունը:

Այս նպատակով իրականացնելու ենք՝

  • մշակութային միջոցառումների լայն քարոզչություն հանրության շրջանում:
  • Արցախի տարբեր մշակութային օջախների շենքային պայմանների բարեկարգում, մասնավորապես Ստեփանակերտի թատրոնի և կինոթատրոնի վերականգմանն ուղղված աշխատանքների ձեռնարկում:
  • մշակույթի բոլոր գործիչների, արվեստագետների համար ազատ ստեծագործելու հավասար պայմանների ապահովում
  • ստեղծված մշակութային արժեքները հայկական տիրույթում և դրանից դուրս ցուցադրելու և իրացնելու համար պետական աջակցության տրամադրում:
  • մշակութային ժառանգության պահպանում, դրանց ժամանկակից մեթոդներով վերաբրենդավորում և հանրայնացում:
  • նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման և կառավարման օրենսդրական դաշտի կատարելագործում:
  • սկսնակ մշակութային գործիչների կայացմանը նպաստող պետական դրամաշնորհների տրամադրում:
  • մշակութային ոլորտի զարգացման պետական աջակցության նպատակայնության, թափանցիկության և հավասարության ապահովում:

Երիտասարդությունն է մեր երկրի կադրային և նորարարական ներուժը: Այդ ներուժի արդյունավետ իրացման նպատակով ստեղծվելու են լայն հնարավորություններ ինքնաիրացման, ընդունակությունների դրսևորման, պետականաշինության գործընթացին և բոլոր մակարդակներում որոշումների ընդունմանը երիտասարդության մասնակցության համար:

Այդ նպատակով իրականացվելիք քայլերն են՝

  • երիտասարդների հետաքրքիր ժամանցը կազմակերպելու համար անհրաժեշտ միջավայրի ապահովում և ծրագրերի իրականացում:
  • մասնագիտական կողմնորոշման ծրագրերի իրականացում, որի նպատակը պետք է լինի երիտասարդության շրջանում ավելի պահանջված մասնագիտությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը:
  • երիտասարդական կազմակերպությունների դրամաշնորհային ֆինանսավորում, ըստ որի կազմակերպությունը ֆինանսավորվելու է կոնկրետ ուղղվածությամբ ծրագիր իրականացնելու համար:
  • երիտասարդության շրջանում գործազրկության դեմ իրական պայքար, պահանջված մասնագիտությունների ուղղությամբ անվճար վերապատրաստման դասընթացների կազմակերպում:
  • հանրային կարևորության հարցերում երիտասարդական քննարկումների կազմակերպում, երիտասարդների ներգրավվածության ապահովում պետական կառավարման բոլոր բնագավառներում:
  • ՀՀ-ում և արտասահմանում ուսում ստացած երիտասարդների պոտենցիալի օգտագործում երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:
  • երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու նախագծերի իրականացում:

Ֆիզիկապես կոփված հասարակությունը և սպորտում հետևողական հաջողությունների գրանցումը՝ ավելի առողջ ու պաշտպանված Արցախի երաշխիք:

Մեր քայլերն են՝

  • ֆիզիկական կուլտուրա առարկան մասսայական դարձնել հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում, ուսումնական բոլոր հաստատություններում և խոշոր ձեռնարկատիրական ընկերություններում։
  • կազմակերպել սպորտային միջոցառումներ, սիրողական և խաղային մրցաշարերի կազմակերպում բոլոր բնակավայրերի ընդգրկմամբ, համայնքների միջև, Արցախի առաջնություն տվյալ միջոցառումներից։
  • օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերից սպորտային մրցաշարերի անցկացում։
  • ստեղծել բակային ճամբարներ, բակերում ստեղծել սպորտային համալիրներ, հրապարկներ, երեխաների համար հատուկ գոտիներ, որտեղ նրանք առանց գումար վճարելու կարող են զբաղվել սպորտով, առողջ ապրելակերպով։
  • ժողովրդին բերել դեպի ֆիզկուլտուրա ու առողջ ապրելակերպ՝ հասարակության մեջ արմատավորել հեծանվային մշակույթը, հրապարակներում ու այլ հանրային վայրերում ցուցադրական սպորտային միջոցառումներ կազմակերպել, որոնք քարոզչություն կլինեն տվյալ մարզաձևի համար։
  1. Առողջապահություն

Առողջապահության հիմնական նպատակն է ունենալ որակյալ, մատչելի ու բնակչության համար հասանելի առողջապահական համակարգ և սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող տարածաշրջան:

 

Առողջ բնակչություն ունենալու և առողջապահական համակարգը զարգացնելու համար ձեռնարկելու ենք հետևյալ քայլերը՝

 

  • բարելավել բուժհիմնարկների շենքային պայմանները,
  • ստեղծել տարեցների խնամքի կենտրոն, որը բացակայում է Արցախի Հանրապետությունում,
  • պարբերաբար թարմացնել շտապ օգնության մեքենաների պարկը,
  • ուշադրության կենտրոնում պահել հանրապետության շրջանների բուժօգնության մակարդակի համաչափ զարգացումը,
  • մշտապես ուշադրության կենտրոնում պահելով արդիական տեխնոլոգիաները՝ բուժհիմնարկների սարքավորումները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին,
  • աշխատանքներ տանել մոր և մանկան առողջության ոլորտում՝ ուղղված կանանց կոնսուլտացիայի աշխատանքներին` հղիների պարտադիր հետազոտման և վաղ հաշվառման նպատակով, ինչպես նաև ծննդօգնության որակի ու մատչելիության բարձրացման ուղղությամբ,
  • իրականացնել դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների համար անխափան դեղորայքային ապահովում,
  • իրականացնել առաջնային բուժօգնության որակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ,
  • հետևողական աշխատանքների արդյունքում, կազմակերպելով մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ունենալ նորագույն տեխնոլոգիաներին տիրապետող բարձրակարգ մասնագետներ,
  • իրականացնել սկրինինգային ծրագրեր` մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերման ու կանխարգելման նպատակով,
  • մշակել ու ներդնել տարբեր հիվանդությունների վարման ուղեցույցեր,
  • իրականացնել հոգեկան առողջությանն ուղղված միջոցառումներ,
  • շարունակել համագործակցությունը ինչպես ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ-ում գործող բժշկական կենտրոնների, այնպես էլ արտասահմանյան տարբեր կլինիկաների հետ:
  • իրականացնել հակահամաճարակային միջոցառումների` մի շարք վարակիչ հիվանդություններից խուսափելու նպատակով,
  • կազմակերպել պատվաստումներ կառավարելի վարակներից խուսափելու նպատակով,
  • բնակչության բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացման նպատակով, համագործակցության ծրագրերի շրջանակներում կազմակերպել կադրերի վերապատրաստումներ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտասահմանյան տարբեր երկրներում,
  • պիլոտային կարգով ներդնել առողջապահության ապահովագրություն՝ բուժաշխատողների, պետական ծառայողների կամ որոշակի սոցիալական խմբերում ընդգրկված անձանց շրջանում,
  • հաշվի առնելով, որ ներկայումս շուրջ 200 ուսանողներ Արցախից պետական պատվերի շրջանակներում ուսում է ստանում Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, համաձայն կնքված պայմանագրերի մինչև 2024 թվականը ԱՀ շրջանային բուժհիմնարկները համալրել համապատասխան մասնագետներով, նրանց աշխատավարձերին սահմանել հավելավճար 30-50 տոկոսի չափով և բնակվարձ: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է հանրապետության շրջաններում ունենալ մասնագետների համար բնակարաններ:

 

  1. Բնապահպանություն

Արցախի բնության, բնական ու կենդանական աշխարհի պահպանումը, շրջակա միջավայրն աղտոտումից զերծ պահելու հրամայականը լինելու է պետական իշխանության անմիջական պատասխանատվության և հոգածության ներքո:

 

Մաքուր բնություն և շրջակա միջավայր ունենալու համար առաջարկում ենք հետևյալը.

  • ստեղծել և կատարելագործել բնության հատուկ պահպանվող տարածքներ, արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր, մշտական ուշադրության տակ պահել բնության հուշարձանները,
  • բարենպաստ պայմաններ ապահովել Էկոտուրիզմի զարգացման համար,
  • խստացնել պատժամիջոցները անտառահատումների, փայտանյութի արտահանման, արհեստածին հրդեհների, որսագողության համար:
  • զարկ տալ ծառատունկերին,
  • հանքարդյունաբերական ոլորտում ներդնել վերահսկման գործում մեխանիզմներ, նվազագույնի հասցնելով բնությանը հասցվող վնասը: Հանքարդյունաբերական տարածաշրջաններում իրականացնել բնակչության առողջության մշտադիտարկում,
  • ոռոգման համակարգերի համար ապահովել արդի ջրաչափական սարքավորումներ և տվյալների հավաքագրման ու վերահսկողական համակարգ: Ջրօգտագործման ու ջրերի կառավարման ռազմավարական նշանակության խնդիրների լուծման նպատակով իրականացնել մասնավոր, մասնավոր-հանրային գործընկերությամբ տեղական և հանրապետական նշանակության ջրամբարների կառուցման և շահագործման համար անհրաժեշտ նորմատիվ-իրավական դաշտի մշակում,
  • ՀԷԿ-երի համար սահմանել պետական և հանրային վերահսկողություն, որով հնարավոր կլինի ապահովել բնապահպանական կանոնների խստիվ պահպանումը՝ կանխելով բնությանը և էկոհամակարգին հասցվող վնասները,
  • տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ քայլեր ձեռնարկել աղբի տեսակավորման համար (պլաստիկ, թուղթ, ապակի),
  • հասարակական շարժումների միջոցով քաղաքացիների ուշադրության կենտրոնում պահել աղբահանության, աղբի տեսակավորման և շրջակա միջավայրի պահպանման խնդիրները,
  • շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կրթական ծրագրեր ներդնել հանրակրթական և բարձրագույն կրթական հաստատություններում: