«ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ». Խորեն Վարդանյան

Եթե դու կարող ես  օգնել որևէ մեկին՝ դու  ընտրյալ ես, և դա քո պարտքն է։ Հենց այս կարգախոսով  1996  թվականին  ավարտելով Երևանի Պետական Համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, որոշել եմ տեղափոխվել հետպատերազմյան Արցախ և քարը քարին դնելով, իրար ձեռք մեկնելով վերականգնել Հայաստանի ամենաբացառիկ մասը։ 90-ականները ամենածանր տարիներն էին․չկար լույս, ջուր, սնունդ։ Մարդիկ անտուն էին։ Սակայն  ես քաջ գիտակցում էի, որ պետք է  մնալ և շենացնել մեր տղաների  կյանքի գնով ազատագրած անգին տարածքը։

1996 թվականին բնակություն եմ հաստատել Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնքում։ Այդ տարիները շատ լավ եմ հիշում։ Այստեղ ես սովորել եմ ապրել ներկայով՝ կերտելով ապագան։ Շահումյանում է կյանքս վերաիմաստավորվել, և ես հասկացել եմ, որ սա իմ տունն է։ Հասկանալով, որ ես  կորցրել եմ սիրտս այս ձորերում և այլ բնակավայր չեմ պատկերացնում ծնողներս ևս տեղափոխվեցին Արցախ։ Այդպես ուս ուսի տված, արցախցուն բնորոշ տոկունությամբ սկսեցինք կառուցել երկիրը։ Դժվարությունները շատ էին, բայց դրանք ինձ ստիպեցին ավելի շատ սիրել այս հողը։ Մենք ունեինք ավերված երկիր և միայն երազանք, և, այո, դա բավական էր երկիրը շենացնելու համար։ Խնդիրները առ այսօր շատ են, բայց  մենք  հստակ քայլերով  ձգտում ենք անել ամեն հնարավորը մեր երազած երկիրը ունենալու համար։

1996 թվականից սկսեցի աշխատել Ակնաբերդում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 2000 թվականին, երբ  ձևավորվեց շրջանի կրթության բաժինը, և արդեն Շահումյանի շրջանը միանալով նախկին Քարվաճառի հետ դարձավ մեկ շրջան, նշանակվեցի  կրթության բաժնի գլխավոր մասնագետ։  2007 թվականից աշխատել եմ որպես շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար։ 2010 թվականից առ այսօր աշխատում եմ որպես Կրության և սպորտի բաժնի վարիչ։ Տարիների անձնանվեր աշխատանքի համար 2019 թվականին պարգևատրվել եմ «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

2001 թվականից սկսել եմ անդամակցել ԺԱՄ շարժմանը, իսկ 2005 թվականից ԱԺԿ կուսակցության անդամ եմ։ 2014 թվականից ԱԺԿ Շահումյանի շրջանային խորհրդի նախագահն եմ։ ԱԺԿ ին անդամակցել եմ կուսակցության առաջադրած գաղափարների համար։ Մեր կուսակցությունը  տարիների աշխատանքով է ապացուցել  ժողովրդի կողքին լինելը։ Մենք աշխատել և աշխատում ենք ոչ թե խոստումներով, այլ  խոստումը գործի  ի կատար ածելու կարգախոսով։

Վարդանյան Խորեն, 46 տարեկան