Ծրագիր
ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Ընդունվել է ԱԺԿ հիմնադիր համագումարում,
2005թ. հունվարի 30-ին
ք. Ստեփանակերտ
2005թ.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ (այսուհետ՝ ԱԺԿ) ԼՂՀ քաղաքացիների կամավոր միավորում է և կոչված է ներկայացնելու հասարակության լայն խավերի շահերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական-քաղաքական կյանքում:
Մենք կայունության, զարգացման բնականոն ճանապարհի կողմնակից ենք, ուստի մեր որոշումներում մշտապես ելնելու ենք իրական կյանքից, առաջնորդվելու ենք ժամանակի հրամայականով: Մենք դեմ ենք հասարակական ցնցումներին և քաղաքական ուղեգծի կտրուկ փոփոխությանը:
Մենք կոչված ենք զերծ պահել երկիրը հեղափոխական ամբոխավարությունից և պահպանել ժամանակների կապն ու պետականության ավանդույթների հաջորդայնությունը:
Մեր արժեքներն են՝
- ուժեղ պետությունը,
- ժողովրդավարությունը,
- քաղաքացիական հասարակությունը,
- մարդը, նրա ազատությունը և պաշտպանվածությունը,
- ընտանիքը, աշխատանքը,
- սոցիալական արդարությունը:
Մեր ներքին միաբանության ամրապնդման համար անհրաժեշտ նախապայման է պետական կառույցների հաշվետվությունը ժողովրդին, իշխանության թափանցիկ գործունեությունը:
Իշխանությունը պետք է բաց լինի հասարակության հետ երկխոսության ու համագործակցության համար: Միայն այս դեպքում է իշխանությունը հեղինակություն վայելող և ուժեղ, միայն այդպիսի իշխանությունն է մարդկանց դարձնում համախոհ:
Մեր դավանանքը քաղաքական պրագմատիզմն է:
Մեր նպատակներն են՝ աջակցել ու նպաստել.
- անկախ և ինքնիշխան, տնտեսապես ինքնաբավ, սոցիալապես արդար և ժողովրդավարական ու իրավական պետության կառուցմանը,
- օրենքի գերակայության սկզբունքի արմատավորմանը և նրա անվերապահ պահպանմանը,
- իշխանության հեղինակության և քաղաքացիների՝ պետության հանդեպ վստահության ամրապնդմանը,
- ժողովրդավարության, հասարակական համերաշխության և ներքաղաքական կյանքում հանդուրժողականության արմատավորմանը և զարգացմանը,
- տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը և հետագա կատարելագործմանը,
- կայուն տնտեսական աճի և սոցիալական ապահովության իրական երաշխիքների ապահովմանը:
ԱԺԿ-ն իր քաղաքական գործունեությունը ծավալում է հետևյալ ծրագրային ուղղություններով.
ՊԵՏԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանել իր պատմական հայրենիքում անկախ պետություն կերտելու և նրա միջազգային ճանաչմանը հասնելու՝ ԼՂՀ ժողովրդի իրավունքը, որն ամրագրված է 1991թ. դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեի արդյունքներով և Սահմանադրությամբ:
Հետամուտ լինել իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական թեւերի սահմանադրական տարանջատման, նրանց միջեւ զսպման և հակակշիռների մեխանիզմների գործնական իրականացմանը, ազատ մամուլի կայացմանն ու զարգացմանը:
Նպաստել սահմանադրական արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների կայացմանը և մշտական կատարելագործմանը` ի շահ քաղաքացու ազատությունների եւ հանրային համերաշխության:
Կուսակցությունը հանդես է գալիս դատական համակարգի բարեփոխումների շարունակման օգտին՝ դատավորների ու դատարանների անկախությունն ամրապնդելու հիմքերով:
Աջակցել տեղական ինքնակառավարման համակարգի հետագա կայացմանը:
Հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ազգային անվտանգության հայեցակարգի» մշակմանը եւ այն որպես օրենք ընդունմանը:
Աջակցել հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալացմանը:
Մշտապես նպաստել հանրային կառավարման մարմինների աշխատանքների օրենսդրական եւ գործնական կատարելագործմանը:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Առաջնորդվել հիմնախնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորելու գերակայությամբ:
Բանակցային գործընթացի լիարժեքության չափանիշ համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների մասնակցությունը` իրավահավասար կողմի կարգավիճակով:
Գերակա համարել ԼՂՀ` որպես անկախ և ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը` նրա ժողովրդի համար ընդունելի սահմաններում, կառավարման և անվտանգության ազգային համակարգով:
Աջակցել միջազգային ջանքերին` տարածաշրջանում ստեղծելու հանդուրժողականության, փոխըմբռման և համագործակցության մթնոլորտ, նպաստել ԼՂՀ ինտեգրմանը տարածաշրջանային և միջազգային կառույցներում` առաջնորդվելով բացառապես հանրապետության ազգային անվտանգության և նրա քաղաքացիների ազատության շահերով:
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱԺԿ տնտեսական ծրագրի գերակա նպատակն է տեսանելի ապագայում ԼՂՀ-ն դարձնել զարգացած շուկայական տնտեսությամբ ինքնաբավ պետություն, որի իրագործման համար առաջադրում ենք հետևյալ խնդիրները.
- Նպաստել սեփականության բոլոր ձևերի ամրապնդմանն ու իրավահավասար մրցակցությանը:
- Աջակցել տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունների ուսումնասիրման, ծրագրավորման աշխատանքներին, առաջարկել, որպեսզի ընդունվի «Պետական պահուստների մասին» օրենք:
- Պետական աջակցություն և հոգատարություն ցուցաբերել Արցախի տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, ավանդական ճյուղերի վերականգնմանը և զարգացմանը: Այդ նպատակով գերխնդիր համարել առաջիկա մի քանի տարիների ընթացքում հանրապետության ոռոգման համակարգի վերականգնումն ու վերագործարկումը: Օրենքով ամրագրել ոռոգման ջրային ռեսուրսների տնօրինման պետական մենաշնորհը:
- Նպաստել անշարժ գույքի հաշվառման, գույքագրման, գույքային իրավունքների հստակեցման ու պետական գրանցման աշխատանքների ինտենսիվ իրականացմանը, անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը: Պետական աջակցությամբ հասնել հողային, ջրային և անտառային կադաստրների հիմնադրմանն ու կայացմանը:
- Շարունակել պետական գույքի սեփականաշնորհման գործընթացը: Օրենսդրության և վերահսկողության բարելավման միջոցով բացառել մենաշնորհային մասնավորեցումը: Անվարձահատույց սեփականաշնորհում իրականացնել միայն երաշխավորված, զգալի ներդրումային ծրագրերի առկայության դեպքում:
- Առկա բարենպաստ ներդրումային դաշտի ընդլայնման նպատակով աջակցել հարկային օրենսդրության բարելավման, ազատականացման քաղաքականությանը՝ առաջարկելով անցնել տնտեսվարող բոլոր սուբյեկտների համար պարզեցված հարկատեսակների ներդրմանն ու կիրարկմանը:
- Կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը ներքին ապրանքային շուկայի հագեցման, ինչպես նաև արտահանման աշխուժացման գործում` անհրաժեշտ ենք համարում ՓՄՁ զարգացման պետական ծրագրերի իրագործումը դարձնել խիստ նպատակային, արդարացի ու թափանցիկ:
- Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանրապետության ներուժը՝ ԱԺԿ-ն հաստատակամ է Արցախում տեղեկատվական հասարակության հիմքերի ձևավորման ուղղությամբ գործնական քայլերի իրականացման հարցում և այդ նպատակով առաջիկայում գերակա խնդիրներ է համարում.
- տեղեկատվական հասարակության զարգացման պայմաններում պետական համալիր ծրագրերի մշակումը, որոնք ուղղված կլինեն գիտելիքի գերակայության վրա հիմնված պետական ու հասարակական կառավարման բարելավմանը,
- տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանրապետության ներուժի բազմապատկումը և դրա արդյունավետ օգտագործումը, գիտակրթական և մասնագիտական կարողությունների առավել ամբողջական օգտագործմանն ուղղված ծրագրերի իրականացումը,
- տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար ներդրումային, կազմակերպական և ինստիտուցիոնալ բարենպաստ միջավայրի ձևավորումը:
- ԼՂՀ գյուղական բնակավայրերի զարգացման, համայնքների տնտեսական կայացման նպատակով հասնել պետական պահուստային հողերի վերաբաշխմանն ու օրենսդրական ամրագրմանն ըստ համայնքների: Նույն նպատակով պետական սեփականություն համարվող անավարտ շինության օբյեկտները, տնտեսական առումով առանձնահատուկ գրավիչ հեռանկար չունեցող արտադրական հզորությունները անհատույց տրամադրել այն համայնքներին, որոնց տարածքում տեղաբաշխված են դրանք՝ հետագա տնօրինման իրավունքով:
- Աջակցել ԼՂՀ արտաքին տնտեսական կապերի ստեղծման ու խորացման բոլոր նախաձեռնություններին, գրավիչ ներդրումային քաղաքականության շնորհիվ երկրի տնտեսության մեջ արտաքին ներդրումների ծավալների աճին: Այս խնդրի իրագործման շրջանակներում ներգրավել հայկական սփյուռքի տնտեսական ու ֆինանսական զգալի ներուժը:
- Երկրի տնտեսական անվտանգության ապահովման գերնպատակով նպաստել ԼՂՀ և ՀՀ տնտեսվարող սուբյեկտների համագործակցության խորացմանը, արտադրական և առևտրային կոոպերացիայի զարգացմանը, Արցախի և Հայաստանի տնտեսությունների փոխշահավետ ինտեգրմանը:
Վերոշարադրյալ տնտեսական ծրագրի դրույթները իրականացնելու նպատակով անհրաժեշտ ենք համարում.
- բացառել տնտեսական մենաշնորհը, առաջարկել հակամենաշնորհային օրենսդրական նախաձեռնություններ և հասնել դրանց ընդունմանն ու կիրարկմանը,
- հարկային վարչարարության բարելավման, հարկային օրենսդրության հստակ կիրառման միջոցով հասնել տնտեսության մեջ առկա ստվերի զգալի նվազեցմանը, բյուջետային մուտքերի հավաքագրման բարձրացմանը,
- մշակել ԼՂՀ քաղաքացիների և առաջին հերթին օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ղեկավար ու նրանց փոխկապակցված անձանց եկամուտների ու ծախսերի տարեկան հայտարարագրման նոր, հստակ ու թափանցիկ մեխանիզմներով ամրագրված օրենսդրական ակտերի նախագծեր,
- անհրաժեշտ պայքար մղել տնտեսության մեջ հովանավորչության և կոռուպցիայի դրսևորումների դեմ, ապահովել պետական պաշտոնյաների ձեռնարկատիրական գործունեությունն արգելող նորմատիվ ակտերի ընդունումը և հասնել դրանց լիարժեք, առանց բացառությունների կիրառմանը:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Առաջարկել և ջանքեր գործադրել, որպեսզի յուրաքանչյուր տարի պետական բյուջեում կրթության համակարգի զարգացման և այդ բնագավառի աշխատողների սոցիալական վիճակը բարելավելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվեն:
Չմերժելով այլ, հատկապես առաջատար կրթական համակարգերի կարևորությունը, շեշտը դնել ազգային դպրոցի ավանդույթների պահպանման և զարգացման վրա, գերակա համարել հայոց լեզվի և հայ ժողովրդի պատմության` որպես ազգային ինքնագիտակցության և արժանապատվության անփոխարինելի աղբյուրի դերը ժամանակակից դպրոցում:
Վտանգավոր գնահատելով ուսուցչական կադրերի պակասը մանավանդ գյուղական դպրոցներում` առաջարկել և հետամուտ լինել, որպեսզի հեռավոր և սահմանամերձ գյուղական բնակավայրերում մանկավարժական աշխատանքի համար ստեղծվեն արտոնյալ պայմաններ:
Աջակցել լիարժեք նախադպրոցական հաստատությունների վերականգնման և հետագա զարգացման բոլոր նախաձեռնություններին:
Անբավարար գտնելով գիտության զարգացման համար պետական բյուջեից տրվող հատկացումները` քայլեր ձեռնարկել, որպեսզի անհրաժեշտ ուշադրություն դարձվի հիմնարար գիտական հետազոտությունների և հայագիտական ուսումնասիրությունների ֆինանսավորմանը:
Առաջարկել պետական և հովանավորչական կապիտալի ընգրկմամբ «Երիտասարդ գիտնականների աջակցության հիմնադրամի» ստեղծումը՝ նպատակ ունենալով կազմակերպել նրանց վերապատրաստումը և մասնագիտական հմտացումը տարբեր երկրների առաջատար գիտական կենտրոններում:
Հետևողական պայքար մղել գիտական ասպարեզում նեղանձնային դրսևորումների դեմ:
Նպաստել միջբուհական կապերի կանոնակարգմանը՝ նպատակ ունենալով բարձրագույն կրթության համակարգը դարձնել լիովին ինքնակառավարվող և ինքնաբավ:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Սոցիալապես անապահով խավերի, Արցախյան պատերազմի հաշմանդամների, զոհված զինծառայողների ընտանիքների անաշխատունակ անդամների համար ապահովել անվճար բուժսպասարկում, այդ թվում՝ դեղատնային;
Հասնել նրան, որ մայրությունը ԼՂՀ-ում պաշտպանված լինի օրենքով և սոցիալական երաշխիքներով: Լուրջ քայլեր ձեռնարկել «Մոր և մանկան» առողջապահական ծրագրի իրականացման համար:
Գյուղական բնակավայրերում առողջապահական հիմնարկների վերազինման և վերագործարկման միջոցով հասնել բնակչության շրջանում բուժկանխարգելիչ միջոցառումների և ամբուլատոր բուժսպասարկման հետագա բարելավմանը, բոլոր խավերի համար առաջնային բուժօգնության հասանելիությանը:
Քաջալերել առաջավոր բժշկական տեխնոլոգիաների յուրացման և կիրառման ուղղությամբ պետական և մասնավոր ծրագրերը:
Օրենսդրական նախաձեռնության միջոցով նպաստել ապահովագրական բուժսպասարկաման արմատավորմանը և հետագա զարգացմանը:
Նպաստել բուժաշխատողների սոցիալական պայմանների բարելավմանը միտված պետական քաղաքականության իրագործմանը:
Բժշկական և առողջապահության բնագավառի միջին-մասնագիտական կադրերի պատրաստման, նրանց տեղաբաշխման, հետագա վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման աշխատանքները համակարգելու նպատակով աջակցել միջազգային ասպարեզում ԼՂՀ առողջապահության բնագավառի ինտեգրացիոն կապերի ստեղծմանը և դրանց հետագա խորացմանը:
Օրենսդրական փոփոխությունների ճանապարհով նպաստել ընտանեկան բժշկի հաստատության աստիճանական ներդրմանը և դրա հետագա կատարելագործմանը, բնակչության բոլոր խավերի համար մատչելի և այլընտրանքային բուժսպասարկման առաջնահերթությունը համարել պետական առողջապահական ծրագրի բաղկացուցիչ մաս:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության տնտեսական առաջընթացին համարժեք՝ նպաստել թոշակների և նպաստների գործող չափերի դինամիկ աճին:
Աջակցել բազմազավակ ընտանիքների խնդիրների լուծման ուղղությամբ պետական ծրագրերի կիրարկմանը:
Նպաստել ամուսնության խթանմանը և երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ առաջարկելով հիպոթեկային վարկավորման ձևը:
Հանրապետության սահմանամերձ և հեռավոր բնակավայրերի երիտասարդության համար սահմանել հարկային և վարկային արտոնություններ: Այդ նպատակով միջոցներ ձեռնարկել, որպեսզի արտաքին ներդրումներ իրականացվեն նաև գյուղական բնակավայրերում:
Մշակել «Աղքատության հաղթահարման ծրագիր» և աջակցել նրա կիրարկման աշխատանքներին:
Քարոզչական և բացատրական աշխատանքներ տանել՝ «Հեռավոր բնակավայրերի վերականգնման ազգային հիմնադրամ» ստեղծելու ուղղությամբ՝ յուրաքանչյուր տարի անցկացնելով «Ազգային տուրքի» հանգանակություն եւ առաջարկել, որպեսզի ստեղծվի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ՝ նրան վերապահելով վերականգնման ամենամյա ծրագրի մշակման և իրականացման գործառույթը:
ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ
- Գերակա համարել ազգային մշակութային արժեքների պահպանումը և հետագա զարգացումը:
- Անընդունելի համարել մշակութային անհանդուրժողականությունը:
- Հետամուտ լինել, որպեսզի սահմանվի արվեստի, գրականության և մշակույթի ամենամյա մրցանակաբաշխություն՝ ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
- Կուսակցությունը կարեւորում է հանրապետության հոգեւոր-մշակութային կյանքում Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի եւ պատմաերկրագիտական թանգարանի դերը ու հետամուտ է լինելու դրանց շենքերի վերակառուցման աշխատանքներին:
- Լայնորեն քարոզել արցախյան ավանդական մշակույթը, հասնել նրա համահայկական և միջազգային ներկայացվածությանը:
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ, ՍՊՈՐՏ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
- Սերտորեն համագործակցել ԼՂՀ երիտասարդական կազմակերպությունների հետ, ստեղծել կուսակցության երիտասարդական կառույց:
- Նախաձեռնել երիտասարդության հիմնախնդիրների լուծումն ապահովող համապատասխան համալիր ծրագրերի մշակում՝ լուրջ ուշադրություն դարձնելով պետական կառավարման համակարգում և հանրային քաղաքականության մեջ երիտասարդության ակտիվ ներգրավմանը:
- Աջակցել «Սովորողների և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության ու առողջ ապրելակերպի» ակումբի ստեղծմանը, անհաշտ պայքար մղել երիտասարդության շրջանում անհարկի օտարամոլության և այլ անհարիր սովորույթների դեմ:
- Բարելավել սպորտի և մարմնակրթության բնագավառի օրենսդրությունը:
- Խթանել մարզական միությունների զարգացման պետական քաղաքականությունը, նպաստել այս ոլորտում հովանավորության և բարեգործության ավանդույթների արմատավորմանն ու զարգացմանը:
- Զբաղվել հաշմանդամ երիտասարդների սոցիալական հիմնախնդիրների հաղթահարման, հասարակության մեջ նրանց ինտեգրման հարցերով:
- Զբոսաշրջության զարգացումը համարել կարեւոր խնդիր և հետամուտ լինել բնագավառի օրենսդրական կատարելագործմանը, քարոզչական աշխատանքների ծավալմանը:
ՄԱՄՈՒԼ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
- Նպաստել տեղեկատվության որոնման, ստացման ու տարածման և խոսքի ազատության ամրապնդմանը, մշտապես ուշադրության կենտրոնում պահել բնագավառի օրենսդրական բարելավման հեռանկարը:
- Աջակցել զանգվածային լրատվության միջոցների գործունեության ազատությանը, այդ ոլորտում հանդուրժողականության և լրագրողական էթիկայի սկզբունքների արմատավորմանը և կատարելագործմանը:
- Նպաստել բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են ԼՂՀ-ն տեղեկատվական առումով աշխարհի համար բաց երկիր դարձնելուն:
- Աջակցել ԼՂՀ լրատվամիջոցների ստեղծագործական և կոմերցիոն արտաքին կապերի ձևավորմանն ու հետագա ամրապնդմանը:
- Համագործակցել արտաքին քարոզչություն իրականացնող պետական, հասարակական և լրագրողական կառույցների հետ:
- Նպաստել ԼՂՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակման և ընդունման նախաձեռնություններին, ըստ անհրաժեշտության ներկայացնել կուսակցության մոտեցումներն այս կարևորագույն հարցում:
- Մշակել երիտասարդության և սովորողների հայրենասիրական դաստիարակության ապահովման տեղեկատվական հայեցակարգ:
ԵԶՐԱՓԱԿՈՒՄ
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը դավանում է քաղաքական ազատ մրցակցության սկզբունքը Սահմանադրության եւ «Կուսակցությունների մասին» ԼՂՀ օրենքի շրջանակներում եւ իր ծրագրային նպատակների իրականացման համար օգտվելու է բացառապես հրապարակային, թափանցիկ եւ քաղաքակիրթ գործելաոճից:
- Արցախի ժողովրդավարական կուսակցությունը գտնում է, որ քաղաքականության մեջ չկան և չեն կարող լինել մեկ անգամ և ընդմիշտ հաստատված ներքին և արտաքին առաջնահերթություններ, որ քաղաքական ամեն մի ուժ իր կողմնորոշումներն ընտրելու և դրանք, ըստ անհրաժեշտության, վերանայելու մեջ ազատ է:
- Կուսակցությունը դավանում է քաղաքական ազատ մրցակցության ակզբունքը գործող օրենսդրության շրջանակներում և իր նպատակներին հասնելու համար օգտագործելու է բացառապես քաղաքակիրթ, թափանցիկ և հրապարակային գործունեության ձևը: